Եվրամիությունը պատրաստվում է երկուշաբթի պաշտոնապես Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցություններ սկսել անդամակցության շուրջ, X-ում հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ Եվրամիության անդամ բոլոր պետությունները համաձայնել են կանաչ լույս վառել այդ ճանապարհին, այդ թվում՝ Հունգարիան, որը երկու տարի առաջ վետոյի իրավունքով արգելափակել էր գործընթացը:
«Մենք անցնում ենք անդամակցության բուն պրոցեսին»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել եվրոպացի դաշնակիցներին՝ ընդգծելով, որ բանակցությունների սկիզբը «նշանակալի քաղաքական և բարոյական աջակցություն է Ուկրաինային ու ուկրաինացի ժողովրդին»։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն նույնպես ողջունել է որոշումը՝ X-ում գրելով. «Մենք պատրաստակամ ենք շարունակել բարեփոխումները»։
ԵՄ-ն պաշտոնապես սկսել է անդամակցության բանակցություններ Ուկրաինայի և Մոլդովայի հետ 2024 թվականի հունիսին, սակայն Կիևի հետ բանակցությունների առաջին փուլի մեկնարկը խոչընդոտվել է հունգարական վետոյի պատճառով։ Գործընթացը սկսեց առաջ շարժվել միայն այս տարվա ապրիլից, երբ Հունգարիայի երկարամյա վարչապետ Վիկտոր Օրբանը պարտվեց խորհրդարանական ընտրություններում:
Բանակցությունների առաջին փուլում Կիևն ու Քիշինևը պետք է նախ ապացուցեն, որ իրենց դատական համակարգը և պետական կառավարումը համապատասխանում են ԵՄ չափանիշներին։ Բանակցությունները սովորաբար տևում են տարիներ, և չկա որևէ երաշխիք, որ դրանք հաջողությամբ կավարտվեն։ Օրինակ՝ ԵՄ-ն անդամակցության բանակցությունները Թուրքիայի հետ սկսել է 2005-ին, բայց այսօր դրանք լիովին դադարեցված են՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և հիմնարար իրավունքների ոլորտներում երկրի շարունակական հետընթացի պատճառով: