ԵՄ 5 երկիր ցանկանում է ապօրինի միգրանտներին ուղարկել Ռուանդա

Միգրանտները կանգնած են նավակի վրա Միջերկրական ծովում, 11-ը օգոստոսի, 2024 թ.
Միգրանտները կանգնած են նավակի վրա Միջերկրական ծովում, 11-ը օգոստոսի, 2024 թ.

Եվրամիության անդամ հինգ երկրներ հայտարարել են, որ հաջորդ տարի Ռուանդայում պահման վայր կբացեն Եվրոպայից արտաքսված միգրանտների համար: Նոր ծրագրին կմասնակցեն Գերմանիայի, Նիդեռլանդների, Դանիայի, Ավստրիայի և Հունաստանի կառավարությունները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նիդեռլանդների և Դանիայի կառավարությունները հայտարարել են, որ նոր կենտրոնը կսկսի մարդկանց ընդունել 2027 թվականին: Նրանք նշել են, որ Ռուանդա կարտաքսվեն միգրանտները, որոնք անօրինական են գտնվում եվրոպական այս հինգ երկրներում:

Ռուանդա ժամանելուց հետո միգրանտները կկարողանան ինտեգրվել տեղի հասարակությանը, կունենան ապրելու, սովորելու, աշխատելու և երկրի առողջապահական համակարգից օգտվելու իրավունք և կկարողանան վերադառնալ իրենց հայրենիք, եթե ցանկանան:

Ռուանդայի ներքին գործերի նախարար Վինսենթ Բիրուտան հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է միգրանտներին ապահովել «անվտանգ, օրինական և արժանապատիվ լուծումով»։

Նիդեռլանդները նաև խոստանում է, որ միգրանտներին հնարավորություն կտրվի ընտրել Ռուանդա արտաքսման այլընտրանք, եթե նրանք չեն կարող վերադառնալ իրենց հայրենիք: Նախատեսվում է, որ ծրագրի սկզբնական փուլում Ռուանդա կուղարկվեն միայն ամուրի տղամարդիկ, և ուշադրության կենտրոնում կլինեն այն մարդիկ, որոնք եկել են նույն տարածաշրջանից, ինչ Ռուանդան:

Եվրոպական նոր ծրագիրը նախատեսում է միգրանտներին ուղարկել Ռուանդա, երբ նրանք այլևս չեն ունենա Եվրոպայում մնալու օրինական որևէ միջոց:

Մինչ այդ Մեծ Բրիտանիայի պահպանողական կառավարությունը նույնպես խոստացել էր ապաստան խնդրողներին արտաքսել Ռուանդա: Սակայն մի քանի դատական հայցեր կասեցրին այս ծրագրի իրականացումը, և 2024 թվականին Լեյբորիստական կուսակցության իշխանության գալուց հետո Լոնդոնն ամբողջովին հրաժարվեց այդ ծրագրերից:

Միևնույն ժամանակ, բրիտանական կառավարությունը պլանավորել էր նրանց արտաքսել նույնիսկ նախքան նրանց ապաստանի դիմումների վերաբերյալ որոշում կայացնելը: Մեծ Բրիտանիայի ներկայիս իշխանությունները չեն բացառել նոր ծրագրին միանալը և նշել են, որ «հետաքրքրությամբ» են հետևում զարգացումներին։

Ինչ են ասում իրավապաշտպանները

Մարդու իրավունքների պաշտպաններն արդեն քննադատել են եվրոպական նոր ծրագիրը։ Human Rights Watch-ի Աֆրիկայի ավագ հետազոտող Կլեմենտին դե Մոնտոյան ասել է, որ Ռուանդան հայտնի է մարդու իրավունքների խախտումներով։

Ըստ նրա՝ երկրի իշխանությունները «ճնշում են այլախոհությունը, կիրառում են արտադատական կալանքներ և վատ են վերաբերվում բանտարկյալներին»։ Իրավապաշտպանը նաև ասել է, որ Ռուանդան աջակցում է զինված ապստամբ ուժերին հարևան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։

«Եթե Ռուանդան գումար ստանա արտաքսման ծրագիր իրականացնելու համար, դա ոչ միայն տառապանք և վնաս կպատճառի արտաքսվողներին, այլև կդառնա ֆինանսավորման և քաղաքական ազդեցության աղբյուր այն կառավարության համար, որը մեղավոր է մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ՝ թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում», - ասել է նա։

Եվրոպական սահմանային գործակալության տվյալներով՝ 2026 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում հայտնաբերվել է սահմանի անօրինական հատման 110,000 դեպք, ինչը 29%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ։ Հոկտեմբերին գրանցվել է սահմանի ապօրինի հատման մոտ 18,100 հատում, ինչը մոտ 6%-ով պակաս է նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, բայց 22%-ով ավելի՝ սեպտեմբերի համեմատ։

Եվրոպական իշխանություններն այս վիճակագրությունը կապում են «Արևմտյան Աֆրիկայի ճանապարհով Կանարյան կղզիներ ժամանող միգրանտների թվի կտրուկ աճի հետ»։

​
XS
SM
MD
LG