Այս տարվա հունվարի 1-ից էլեկտրոնային ստորագրությունը կլինի միակ տարբերակը Հայաստանում գրանցված աշխատող լինելու համար։
«Պետք է աշխատողը ստորագրի պայմանագիրը էլեկտրոնային եղանակով։ Եվ նրանք, ովքեր արդեն իսկ ունեն էլեկտրոնային ստորագրություն, իրենց համար դա ավելի հեշտ կլինի...», - ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:
Իսկ նրանք, ովքեր չունեն էլեկտրոնային ստորագրություն, պաշտոնյան հորդորում է հնարավորինս շուտ այն ձեռք բերել, քանի որ եթե աշխատանքային պայմանագիրը չի ամրագրվել էլեկտրոնային ստորագրությամբ, չի համարվում կնքված: Համաձայն նոր կարգավորումների՝ քաղաքացին չի համարվի օրինական աշխատող։ Սա վերաբերում է միայն աշխատանքային պայմանագիր ունեցողներին։
«Դրա համար շատ լավ կլինի, որ նրանք, ովքեր դեռ չունեն, ակտիվ զբաղվեն այդ հարցով, որ ընթացքում ունենան ստորագրություն, քանի որ դա միակ տարբերակն է աշխատող դառնալու համար: Նրանք, ովքեր ընդունված են աշխատանքի, ընդամենն այս տարվա ընթացքում ինչ-որ մի օր գործատուի կողմից մուտքագրելուց հետո ընդամենը պետք է ստորագրեն իրենց պայմանագրերը, իսկ նրանք, ովքեր ընդունվելու են աշխատանքի, բնականաբար պետք է 0-ից ստեղծվի իրենց համար պայմանագիր, և իրենք պետք է ստորագրեն այդ պայմանագիրը, որ դառնան աշխատող», - նշում է աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:
Էլեկտրոնային ստորագրության անհրաժեշտության մասին խոսում էին դեռ այն ժամանակ, երբ իշխանությունն աշխատող քաղաքացիներին պարտադրում էր հայտարարագրել եկամուտները։ Այս պահանջը մի քանի անգամ հետաձգվեց, խմբագրվեց ու փաստացի էլեկտրոնային ստորագրությունը պարտադիր դարձավ միայն նրանց համար, ովքեր հայտարարագրելու բան ունեին:
Հիմա արդեն էլեկտրոնային ստրագրությունն ուղիղ համեմատական է օրինական աշխատող լինելու հետ։ Իսկ Էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու համար, նախ պետք է նույնականացման քարտ ունենալ։
ՀՀ արհմիությունների կոնֆեդերացի նախագահը ահազանգերի մասին է խոսում
«Այսօր էլ մենք ունենք մարդիկ, ովքեր նույնականացման քարտ ստանալու համար հերթագրված են, և իրենց հերթը հասնելու է մինչև 2026-ի կեսերին», - ասում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացի նախագահ Էլեն Մանասերյանը:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացի նախագահը դեռ ամիսներ առաջ էր ահազանգում՝ այս խնդրով արդեն բազմաթիվ բողոքներ են ստացել, նույնականացման քարտն այդքան էլ հեշտ չէ ստանալը։
Էլեն Մանասերյանի խոսքով.- «Հատկապես Երևան քաղաքում բացարձակապես անհնար է արագ ստանալ նույնականացման քարտ, իհարկե, հնարավոր է լրացուցիչ վճարի դիմաց, բայց ոչ մեկը դրա պարտավորությունը չունի, ասեմ ավելին՝ հնարավորությունն էլ չունի»:
Նույնականացման քարտն ունենալուց հետո Էլեկտրոնային ստորագրությունն ակտիվացնելու 2 հիմնական տարբերակ կա՝ բջջային հեռախոսով կամ ID քարտով։ Առաջին դեպքում SIM-ը նոր մոբայլ ID SIM քարտով է փոխվում։ Հայաստանի քաղաքացիներն անցած տարվանից ազատվել են էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 դրամ վճարից։ Սակայն քարտի փոխարինման համար 500 դրամ միանվագ վճար կարող է գանձվել։ SIM քարտը պետք է լինի անհատական, այսինքն՝ էլեկտրոնային ստորագրությունը ձեռք բերողի անունով։ Դա էլ լրացուցիչ գումար է՝ չափը կախված է սակագնային փաթեթից։ Տարբերակ երկրորդը, սակայն, ավելի ծախսատար կլինի, քանի որ էլեկտրոնային չիպ պարունակող նույնականացման քարտ է անհրաժեշտ և հավելյալ գումար՝ ընթերցող սարք գնելու համար։
«Այդ թվում՝ նաև հեռախոսով ակտիվացնելու մասով այդտեղ էլ էլի բնականաբար կապ չունի՝ վճարն ինչքան է, թեկուզև մինիմալ 100 դրամ լինի կամ 500, միևնույն է՝ մարդու համար դա լրացուցիչ ծախս է, որն ինքը չէր նախատեսել: Այսինքն՝ սրանք քայլեր են, որոնք քաղաքացիների, աշխատողների շրջանում խուճապ են ստեղծում: Մենք ունենք նաև ահազանգեր, որտեղ գործատուներն արդեն աշխատողներին ասում են՝ եթե հունվարի 1-ից էլեկտրոնային ստորագրություն չունենաք աշխատանքային պայմանագրերը ձեզ հետ լուծում ենք», - նշում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացի նախագահը:
Էլեկտրոնային պայմանագրերը հասանելի կլինեն աշխատողներին «Ես եմ» հարթակում անմիջապես ստորագրման պահից։
ՀՀ արհմիությունների կոնֆեդերացի նախագահը մտահոգություն ունի. «Արդյոք քաղաքացիները կարողանալու են մուտք գործել «Ես եմ» համակարգ, հո բոլորը ՏՏ ոլորտի աշխատող չեն, հո բոլորը բժիշկներ, ուսուցիչներ չեն, որ քիչ թե շատ գրագետ են թվային իմաստով: Մենք ունենք բազմաթիվ մարդիկ, ովքեր բանվոր են աշխատում, գյուղատնտեսության ոլորտում են աշխատում, պարզապես աշխատողներ են, որոնք համապատասխան որակավորումներ չունեն, նույնիսկ ունեն, որակավորում, բայց թվային գրագիտություն չունեն, այս բոլորը շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք նրանց համար հեշտացնել «Ես եմ» համակարգից օգտվելը, որպեսզի հետագայում նրանք խնդիրներ չունենան՝ թե՛ աշխատանքային հարաբերություններում, թե՛ պետության հետ քաղաքացիաիրավական հարաբերություններում»:
Պաշտոնյաները բացատրում են, որ համակարգը հնարավորություն կտա տեսչական մարմիններին վերահսկողության ժամանակ տեսնել կողմերի միջև պայմանագրային փոփոխությունները։ Գործատուները մեկ տարի ժամանակ ունեն նախկինում թղթային տարբերակով կնքված պայմանագրերը թվային հարթակ տեղափոխելու համար։