Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի կողմից 2022 թվականից ի վեր գրանցված առաջընթացը գնահատող նոր զեկույցում Եվրոպայի խորհրդի փորձագիտական մարմինը՝ GRETA-ն (Group of Experts on Action against Trafficking in Human Beings), ողջունում է զոհերի նույնականացման և աջակցության բարելավման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Միաժամանակ, զեկույցում ընդգծվում է, որ իշխանությունները պետք է ակտիվացնեն աշխատանքային շահագործման նպատակով թրաֆիքինգի կանխարգելման, նախաձեռնողական հետաքննությունների ապահովման, ինչպես նաև զոհերին իրավաբանական օգնություն և փոխհատուցում տրամադրելու ջանքերը։
«2022-25 թվականներին ընդհանուր առմամբ 90 անձ է նույնականացվել որպես թրաֆիքինգի զոհ, այդ թվում՝ 22 երեխա։ Ուժեղացված ուսուցման և նոր գործիքների շնորհիվ նույնականացված զոհերի և մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունների հետաքննությունների թվի աճ է գրանցվել։ Աշխատանքային շահագործումը դարձել է նույնականացված զոհերի շրջանում շահագործման գերիշխող ձևը։ Աճել է օտարերկրյա զոհերի թիվը, այդ թվում՝ միգրանտ աշխատողների», - Եվրախորհրդի հաղորդագրության համաձայն՝ ասված է զեկույցում:
GRETA-ն թվարկում է տվյալ ժամանակահատվածում երկրում կատարված համապատասխան օրենսդրական փոփոխությունները՝ նոր Քրեական օրենսգրքում մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ նոր դրույթները, Աշխատանքային օրենսգրքում ներմուծված «պարտադիր կամ հարկադիր աշխատանքի» սահմանումը և երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ օրենսդրական փաթեթը:
Զեկույցում ընդգծվում է երեխաների պաշտպանության համար պատասխանատու մարմինների ֆինանսավորման և մարդկային ռեսուրսների ավելացման անհրաժեշտությունը, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ դեր խաղալ երեխաների թրաֆիքինգի կանխարգելման գործում:
GRETA-ն ողջունում է Հայաստանում ձեռնարկված ջանքերը՝ ամրապնդելու առցանց անվտանգությունը և բարելավելու տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով մարդկանց թրաֆիքինգի դեպքերի հետաքննությունները:
Զեկույցն ընդգծում է, որ չնայած հետաքննությունների թվի աճին, մարդկանց թրաֆիքինգի համար դատավճիռները քիչ են եղել: GRETA-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին ապահովել, որ մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները հետաքննվեն նախաձեռնողականորեն և արագ, նաև շեշտում է, որ մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները պետք է հետապնդվեն որպես այդպիսին, այլ ոչ թե որպես ավելի մեղմ հանցագործություններ, և որ նման հետապնդումները պետք է հանգեցնեն արդյունավետ, համաչափ և համոզիչ պատժամիջոցների։