Մատչելիության հղումներ

Եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովն առաջին նիստն է գումարում

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 7 անդամների մասնակցությամբ այսօր Ազգային ժողովում մեկնարկեց եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի առաջին նիստը։

Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահը ներկայացնում է, թե ինչ ընթացակարգով են աշխատելու։

Նիստերը կանցկացվեն բաց, եթե փակ անցկացնելու որոշում չլինի։

Հանձնաժողովը ստեղծվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ՝ խորհրդարանի հոկտեմբերի 6-ի նիստում։ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին և կազմի ձևավորմանը՝ այն համարելով անօրինական ու հակասահմանադրական։

Կառավարությունը այս ամսվա սկզբին հրապարակել էր «եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցը»: Այն կազմվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, ով անցած տարվանից փորձում է գահից հեռացնել Հայ Առաքելական եկեղեցու հովվապետին՝ Գարեգին Երկրորդին ներկայացնելով մի շարք լուրջ մեղադրանքներ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կառավարության զեկույցն արդեն «հակասահմանադրական, հակականոնական և անօրինական» է որակել, անհամաձայնություն է հայտնել խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման առնչությամբ:

​
XS
SM
MD
LG