Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի, որը քննադատել էր ադրբեջանական դպրոցներում հիջաբի արգելքը

Ստամբուլում դատարանի շենք, արխիվ
Ստամբուլում դատարանի շենք, արխիվ

Ստամբուլի ոստիկանությունը երեկ ձերբակալել է թուրքական Köklü Değişim լրատվամիջոցի աշխատակից Մուհամմեդ Էմին Յըլդըրըմին, ում Ադրբեջանն ավելի վաղ ներառել էր Բաքվի համար անցանկալի անձանց ցուցակում և արգելել մուտքը երկիր, հայտնում է ադրբեջանական APA-ն:

Գործակալության թուրքական բյուրոն հայտնում է, որ Յըլդըրըմը ձերբակալվել է սոցիալական ցանցերում իր գրառումների համար։

Köklü Değişim-ը ևս հաստատել է Յըլդըրըմի ձերբակալությունը, սակայն որևէ մանրամասն չի ներկայացրել:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Cumhuriyet-ը, Մուհամմեդ Էմին Յըլդըրըմը քննադատել էր ադրբեջանական դպրոցներում հիջաբ արգելելու մասին երկրի որոշումը և աջակցել այդ սահմանափակման դեմ բողոքի ցույցերին։ Նա նաև մասնակցել էր այդ որոշման դեմ Թուրքիայում անցկացված ցույցերին:

Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արգելել էր Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը երկիր, այդ թվում՝ լրագրողների, քաղաքական գործիչների, գիտնականների և գրողների: Այդ ցուցակում էր նաև Յըլդըրըմը:

Ադրբեջանը նաև Թուրքիայի 7 քաղաքացու ձերբակալելու օրդեր է տվել ու հետախուզում հայտարարել նրանց նկատմամբ:

Բաքուն պնդում է, որ այդ անձինք հայտարարություններ են արել՝ ուղղված Ադրբեջանի ինքնիշխանությանը, ազգային անվտանգությանը և սահմանադրական կարգի տապալմանը, սակայն չէր բացահայտել, թե կոնկրետ որ գրառումներն են հիմք ծառայել արգելքի համար:

Ադրբեջանական դպրոցներում հիջաբն արգելելու որոշումը քննադատել էր նաև Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը, որն արդեն ազատվել է աշխատանքից:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG