Դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսն այսօր Աշտարակ-Սասունիկ ճանապարհին կողաշրջվել է, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը:
«Նախնական տվյալներով՝ երեխաներն ու մեծահասակաները ստացել են համապատասխան բուժօգնություն, երեք երեխա տեղափոխվել է Երևան՝ լրահետազոտման»,- հայտնում են գերատեսչությունից:
Առողջապահության նախարարությունից ավելի վաղ հայտնել են, որ վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ:
«Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները և դուրս են գրվել»,- ասվում է Առողջապահության նախարարության հայտարարությունում:
Նշվում է նաև, որ Երևան տեղափոխված երեք երեխաների կյանքին սպառնացող վտանգ առկա չէ:
Վթարի պատճառների մասին մանրամասներ առայժմ չեն հաղորդում: