Մատչելիության հղումներ

Դեպի օլիմպիական սառույց՝ Հայաստանի դրոշով. գեղասահորդ զույգը Միլանում կսահի «Արցախ»-ի ներքո


Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին գեղասահորդ զույգն են, որ Հայաստանը կներկայացնեն Միլանում կայանալիք Ձմեռային Օլիմպիական խաղերում։

Կարինա Ակոպովնան ու Նիկիտա Ռախմանինը
Կարինա Ակոպովնան ու Նիկիտա Ռախմանինը

Շտապում են երևանյան նախավերջին մարզումներին։ Ոտնաթաթը հարելուց պաշտպանող հատուկ գուլպաներ ու ճերմակ չմուշկներ, որոնք օլիմպիական սառույցին կլինեն հաշված օրեր անց։

«Ամբողջ կյանքս սառույցի վրա եմ, բայց միշտ մրսում եմ»,- 5 տարեկանից գեղասահքով զբաղվող Կարինա Ակոպովնան մրսկան է, սահադաշտ դուրս գալուց առաջ մի քանի շերտ է հագնում, որ հետո աստիճանաբար թեթևանա։

«Վերջապես կներկայացնեմ իմ էթնիկ հայրենիքը, հոգիս ջերմանում է այդ մտքից»

«Ես հայերեն չեմ խոսում, բայց սովորում եմ։ Դժվար է, բայց փորձում եմ»-Մոսկվայում ծնված 22-ամյա հայուհին հպարտ է, որ վերջապես կարող է Հայաստանի դրոշի ներքո ներկայանալ։

«Մենք արեցինք դա։ Ես վերջապես կարող եմ ներկայացնել իմ էթնիկ հայրենիքը, ու հոգիս ջերմանում է այդ մտքից։ Հատկապես Չինաստանում ելույթից առաջ ընդհանրապես անհանգստություն չկար. այն չքվեց անմիջապես, երբ հայտարարվեց՝ ներկայացնում են Հայաստանը, ես միանգամից ժպտացի, հոգիս խաղաղվեց, ու մենք սկսեցինք ելույթը»,- «Ազատության» հետ զրույցում ասում է 22-ամյա գեղասահորդ Կարինա Ակոպովնան:

Պեկինում՝ հենց ելույթի վերջին վայրկյաններին արդեն պարզ էր. կանաչ լույսը դեպի 2026-ի Ձմեռային Օլիմպիական խաղեր վառված է։ Կարինա Ակոպովնան պատմում է.- «Էմոցիաներն ինձ ողողել էին, ես երկար չէի կարողանում հանգստանալ, անմիջապես զանգեցի մայրիկիս՝ Միլանային՝ մեր նախագահին, բոլորի հետ խոսեցի ու լաց եղա նրանց հետ»:

Հայաստանը ներկայացնող զույգը Իտալիայում սառույց դուրս կգա նախ փետրվարի 15-ին՝ կարճ ծրագրով՝ Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո։ Հենց այս կատարումը զույգին մեծ ճանաչում բերեց։

Կարինա Ակոպովնայի խոսքով.- «Այն պայթեցրեց ողջ ինստագրամը, ողջ համացանցը։ Բոլորը հրապարակեցին մեր ելույթը։ Դա ևս իմ մանկության երազանքն էր. որպես հայուհի՝ երբ մեկնեմ օլիմպիական խաղերի, ելույթ կունենամ «Արցախ»-ի ներքո։ Այնպես ստացվեց, որ հենց այս սեզոնին մեզ թույլ տրվեց ելույթ ունենալ, օլիմպիական խաղերի սեզոն էր, ու ես առաջարկեցի սահել «Արցախի» ներքո, ինձ հետ համամիտ չէին, բայց ես պնդեցի, ասացին՝ անիմաստ է քեզ հետ վիճելը, սահիր ինչի տակ ուզում ես»:

Զույգը տարիներ շարունակ ներկայացել է Ռուսաստանի դրոշի ներքո։ 2024-ին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից հետո որոշել են փոխել մարզական քաղաքացիությունը։ Ըստ կանոնակարգի՝ երկու տարի ստիպված են եղել մնալ մարզական կարանտինի մեջ՝ բաց թողնելով բազմաթիվ մրցաշարեր, մինչև որ անցած տարի հաստատվել է նրանց անցումը Հայաստանի հավաքական։ Հիմնական մարզումները, սակայն, դեռ Սոչիում են. մարզիչներն այնտեղ են, բայց երևանյան սառույցի որակը գերազանցում է Սոչիինը,-խոստովանում են։

Արդեն երկքաղաքացի գեղասահորդները Միլանում Հայաստանի դրոշի ներքո կմրցեն 19 զույգերի շարքում։ Ըստ մարզչի՝ տասնյակում հայտնվելու լուրջ շանսեր ունեն։

Ինչպես Պեկինում, Միլանում ևս ազատ ծրագրով հանդես կգան՝ «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմի հնդկական հնչյունների ներքո՝ փետրվարի 16-ին։

Ելույթի ընթացքում շատ կարևոր է միմյանց զգալը, իրար աջակցելն ու չխանգարելը, ասում են գեղասահորդները։ Իսկ մինչ այդ կարևոր է սառցադաշտ դուրս գալ սառը գլխով,- վստահ է Կարինայի 6 տարվա զուգընկերը։

«Նա չափազանց էմոցիոնալ է, ես ավելի հանգիստ եմ ու հավասարակշռված։ Ամենակարևորը գլխիդ հետ հարցերը լուծելն է, որ չվախենաս. փաստացի դու այդ նույնն անում ես մարզումների ընթացքում, իսկ երբ արդեն ելույթն է, սկսում ես անհանգստանալ, ու դրանից են սկսվում մյուս բոլոր խնդիրները, վնասվածքները»,- ասում է Նիկիտա Ռախմանինը:

Ճանապարհը դեպի օլիմպիական սառույց հարթված է, օրերը՝ հաշվված

«Մենք սրան մի ամբողջ կյանք ենք սպասել, մանկուց քայլել ենք դեպի այս նպատակակետը, բայց իրական զգացողությունները կունենամ, երբ մենք Հայաստանի դրոշով քայլենք բացման արարողությանը։ Հիմա ուղեղով գիտակցում ես, որ գնում ես օլիմպիական խաղերի, բայց չես կարողանում մինչև վերջ պատկերացնել, որ դու դա արել ես, որ քեզ մոտ դա ստացվեց։ Այ, երբ ես այնտեղ լինեմ, քայլեմ դրոշով, նոր հանգիստ շունչ կքաշեմ», - ասում են գեղասահորդները:

Գեղասահորդ զույգը հույս ունի՝ այս օլիմպիական սառույցը կլինի առաջինը, բայց ոչ վերջինն իրենց մարզական կյանքում։

«Զարմանահրաշ բնությունը, խոհանոցն ու մարդիկ» նրանց ոգեշնչել են ու ապագայի պլանները ևս կապել են Հայաստանի հետ։

Ակոպովայի խոսքով.- «Մենք նախատեսում ենք մասնակցել ևս մեկ Օլիմպիադայի, իսկ դրանից հետո ուզում ենք գեղասահքի մարզադպրոց բացել Հայաստանում ու զարգացնել մարզաձևն այստեղ, քանի որ շատ երեխաներ կան, ու բոլորն ուզում են զբաղվել գեղասահքով, կարծում եմ՝ դա հնարավոր է»:

Ակոպովայի և Ռախմանինի ելույթը Միլանում կդառնա պատմական՝ ազդարարելով հայկական գեղասահքի օլիմպիական նորամուտն այս մրցաձևում՝ զուգասահքում։

XS
SM
MD
LG