Մատչելիության հղումներ

Դավիթ Խուդաթյանը նշանակվեց ՏԿԵ նախարար

Դավիթ Խուդաթյան
Դավիթ Խուդաթյան

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ստորագրել է Արմավիրի նախկին մարզպետ Դավիթ Խուդաթյանին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար նշանակելու հրամանագիրը: Նրա նշանակման մասին նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել։

Խուդաթյանը Արմավիրի մարզպետ էր նշանակվել 2024-ի հունվարին՝ մարզում պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարական աշխատանքներից վարչապետի դժգոհություններից հետո, երբ պաշտոնից ազատվեց Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանը։

Իսկ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի աթոռը թափուր էր նոյեմբերի 18-ից՝ Գնել Սանոսյանի հրաժարականից հետո։

Գործադիրի ղեկավարն էր խնդրել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները՝ նշելով, որ պատճառներն անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել է օրեր առաջ։ Փաշինյանը կառավարության նոյեմբերի 15-ի նիստում դժգոհել էր, մասնավորապես, իրավապահ համակարգից՝ ասելով, թե դատական և ուժային կառույցներում բարեփոխումների արդյունքները չի տեսնում, իսկ իր համբերության բաժակը լցվել է։

Փաշինյանի հայտարարությունից երկու օր անց 6 հրաժարականի մասին հայտարարվեց, պաշտոնները լքեցին ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Գնել Սանոսյանը։

​
XS
SM
MD
LG