Մատչելիության հղումներ

Դատարան է հասել Հայաստանի երրորդ նախագահի դեմ հինգերորդ քրեական գործը

Գյումրիի Սև բերդը, արխիվ
Գյումրիի Սև բերդը, արխիվ

Դատարան է հասել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված հինգերորդ քրեական գործը: Այս անգամ 72-ամյա Սերժ Սարգսյանը մեղադրվում է Գյումրիի Սև բերդն ապօրինի օտարելու համար:

«Երբ որ քրեական գործը քրեական մեղադրանքի մասին չէ, այլ՝ պետական մարմնի գործունեության կամայական գնահատականների, էդտեղ քիչ բան կա ասելու», - «Ազատության» հետ զրույցում նշեց նախկին նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը:

21 տարվա վաղեմության գործարքը քննելու է դատավոր Սարգիս Պետրոսյանը, նա նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավորն է:

Ըստ իրավապահների՝ 2005 թվականին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանը չարաշահել է իշխանական ու ծառայողական լիազորությունները, երբ օտարել է ամրոցն ու հարակից հողատարածքը: Դա, ըստ քննիչների, էական վնաս է պատճառել պետության շահերին և ծանր հետևանքներ առաջացրել: 19-րդ դարի ամրոցը 1995 թվականից եղել է Պաշտպանության նախարարության հաշվեկշռում, իսկ 2004-ից ընդգրկվել է Շիրակի մարզի պատմության ու մշակույթի հուշարձանների ցանկում: Մեկ տարի անց, ըստ իրավապահների, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ուղղակի վաճառքով օտարել է հուշարձանը՝ այն դեպքում, երբ դրա օտարումը չէր թույլատրվում: Դատախազ Սաշիկ Ավետիսյանի խոսքով՝ Կառավորությունը թույլատրել էր օտարել միայն ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող հողատարածքը, բայց ոչ Սև բերդը:

«Կառավարության 2005 թվականի հունվար ամսվա և մարտ ամսվա համապատասխան որոշումներով թույլատրվել է Պաշտպանության նախարարությանը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, ուղղակի վաճառքի եղանակով օտարել Պաշտպանության նախարարությանը անհատույց օգտագործման իրավունքով հատկացված հողատարածքները. այստեղ նշանակալին այն է, որ հողատարածքներն է թույլատրել», - ասաց դատախազը:

Նախկին նախագահի փաստաբանը, մինչդեռ, վստահ է, որ այս մեղադրանքը դատարանում կփլուզվի:

«Էդտեղ շատ ակնհայտ կտեսնեք, որ հերթական անգամ վարչական մարմնի վարչական գործունեությունը փաթեթավորվել է քրեական շղարշով: Ավելացնելու այլ բան չունեմ: Առաջարկում եմ գալ դատական նիստերին և մանրամասնությամբ տեսնել, թե հերթական մեղադրանքը ոնց կքանդվի: Այսքանը», - ասաց Մակինյանը:

Սարգսյանի դեմ հարուցված մյուս չորս գործերը ևս վերաբերում են նրա կա՛մ նախագահության, կա՛մ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին: Գործերից մեկով, որ վերաբերում էր դիզվառելիքի յուրացմանը, նա արդարացվել է:

Ինչ վերաբերում է Սև բերդին, ապա 2005 թվականին այն մոտ 23 մլն դրամով գնել էր ռուսաստանցի գործարար Հայկ Հայրապետյանը: 2012-ին նրա մահից հետո այն վաճառվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին:

Պատմական ամրոցի օտարմամբ իրավապահները սկսել էին հետաքրքրվել դեռ 2020 թվականից: Վեց տարի առաջ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ ինքը մտահոգվելու առիթ չունի, և քիչ հավանական էր համարել, թե ամրոցն իր ընտանիքից կվերցնեն:

«Ճիշտն ասած՝ ես գնահատական չտամ, չեմ կարծում, որովհետև չի կարող էդպես լինել, դուք հասկանո՞ւմ եք, էդ դեպքում ամեն ինչ կարող են ասել, որ «էս պետությանն է»: Բարեխիղճ ձեռք բերողին ո՞նց կարող են ասել, թե «գիտե՞ս ինչ կա»... Էն մարդը վաճառել է, մարդը գնել է: Ասում եմ՝ խնդրում էին, որ գնեմ: Լավ, ընդունենք՝ դա չէ, այլ բան է, մարդը գնել է, բարեխիղճ ձեռք բերող է, դրա համար օրենսդրություն կա», - ընդգծել էր Բալասանյանը:

Վեց տարի անց հարուցված քրեական նոր վարույթից հետո հնարավո՞ր է Սև բերդը վերադարձվի պետությանը: Բալասանյանների փաստաբան Տիգրան Գրիգորյանը բացառեց, քանի որ, ինչպես պնդեց, նրանք բարեխիղճ գնորդ են:

«Սև բերդը Բալասանյան ընտանիքին անցել է այդ ենթադրյալ հանցանքից հետո մոտ, չգիտեմ, 7-8 տարի հետո գնել են այլ անձից: Հիմա Սերժ Սարգսյանին ինչ պատասխանատվության են ուզում ենթարկել, էդ գործարքին, հետո արդեն, որպես բարեխիղճ գնորդ Բալասանյան ընտանիքը որ ձեռք է բերել, որևիցե առնչություն չունի, իրավաբանորեն էլ չի կարող ունենալ», - ասաց փաստաբանը:

Այս վարույթով, որպես գնորդ, հնարավո՞ր է Բալասանյանները որպես կողմ ներգրավվեն:

«Իհարկե բացառում եմ, որովհետև Սերժ Սարգսյան պաշտոնատար անձի գործողությունների հետ Բալասանյանը որևիցե առնչություն չի ունեցել: Խոսքը գնում է 2005 թվականին ինչ-որ վաճառքի մասին ֆիզիկական անձին, Բալասանյանը որևիցե առնչություն չի էլ ունեցել դրա հետ, տարիներ հետո երրորդ անձի ձեռքով Բալասանյանը գնել է, սովորական ... գործարք է եղել, որը որևիցե սահմանափակում չի էլ ունեցել: Հետևաբար՝ էդ քրեական վարույթի հետ Բալասանյանը որևիցե կապ չունի», - պնդեց Գրիգորյանը:

Ինքը՝ Սամվել Բալասանյանը մեղադրյալ է Սև բերդին հարակից այլ հողատարածքների ապօրինի օտարման համար: Նախկին քաղաքապետին ձերբակալելու որոշում կա, նա 2024 թվականից ԱՄՆ-ում է, 2025-ից հետախուզվում է: Մինչդեռ փաստաբան Տիգրան Գրիգորյանը շարունակում է պնդել, թե Բալասանյանը նախաքննությունից չի թաքնվում. - «Բուժման մեջ է, արտերկրում է գտնվում: Դե երբ որ ապաքինվի, իհարկե կվերադառնա»:

Այս գործով անցնում է նաև Սամվել Բալասանյանի կրտսեր որդին: Հենց այս վարույթից հետո՝ 2024 թվականի աշնանը «Բալասանյան» դաշինքը հրաժարվեց Գյումրիի կառավարումից:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG