Մատչելիության հղումներ

Դատական հայցեր ընդդեմ ԵՊՀ-ի. «Համալսարանն ամբողջությամբ քաղաքականացված է».

Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսներ, որ ռեկտորի որոշմամբ այս սեպտեմբերից լսարան չեն մտնում, դատարան կդիմեն։ «Ազատության» հետ զրույցում պնդում են՝ իրենց համալսարանից դուրս թողնելու որոշումը քաղաքական շարժառիթով է, անհիմն։ Իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գագիկ Ղազինյանը հայցն է նախապատրաստում։

«Պայմանագիրը, իբր թե, չերկարացնելու հրամանում որևէ հիմք չկա։ Ընդամենը պայմանագիրը ավարտվելու կապակցությամբ, չէին էլ կարող նշել, որովհետև որևէ բացասական բան չէին կարող գտնել», - ասաց Ղազինյանը։

Իրավաբանական գիտությունների դոկտոր Գագիկ Ղազինյանի աշխատանքային պայմանագիրը չեն երկարաձգել։ Մայր բուհում տասնամյակներից դասավանդող պրոֆեսորը ենթադրում է՝ որդու՝ Դավիթ Ղազինյանի ընդդիմադիր գործունեության պատճառով են իրեն համալսարանից դուրս թողել։

Դավիթ Ղազինյանը և Գագիկ Ղազինյանը, արխիվ
Դավիթ Ղազինյանը և Գագիկ Ղազինյանը, արխիվ

«Հիմքեր ունի իմ ենթադրությունը։ Դուք գիտեք՝ ինչ է կատարվում մեր... այսպես ասած, որոշումներն ով է կայացնում, ինչի հիման վրա, այդպես իրենց մտքի բռնկումների, չակերտավոր, փայլատակումների արդյունքում...», - նշեց նա:

Դավիթ Ղազինյանն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր է, գործարար Սամվել Կարապետյանի մերձավոր թիմակիցը։ Մինչ այս զարգացումները՝ մեկ տարի առաջ, Գագիկ Ղազինյանն արժանացել է պատվավոր պրոֆեսորի կոչմանը։

Դատարան հասնելը սկզբունքի հարց է, շեշտում է երկարամյա դասախոսը. «Ինձ համար շատ վիրավորական է և իմ նման, իմ գործընկերների, ում հետ նույն կերպ են վարվել, թե ովքեր են այդ որոշումը կայացնում։ Այսինքն՝ կյանքում ոչինչ չարած, որևէ արդյունք չտվող, մանավանդ համալսարանի մասին է խոսքը, պատահականորեն հայտնված այդ համալսարանի որոշակի կարգավիճակներում, ինձ հետաքրքիր չի՝ ով է պատվերը տալիս, որովհետև երբեք համալսարանը այսքան չի եղել ստորացված, նվաստացված, ինչպես հիմա։ Ամբողջությամբ քաղաքականացված․ եթե նախկին իշխանությունները փորձում էին ունենալ ներկայացուցիչ, ասենք, կառավարման խորհուրդում, խորհրդի ղեկավար կազմում և այլն, բայց շատ քողարկված, այսպես գեղեցիկ փաթեթավորված, այստեղ ամեն ինչ բացահայտ է»։

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախկին դասախոս Ալեն Ղևոնդյանն արդեն դիմել է դատարան. «Ես գտնում եմ, որ դա անօրինական, չհիմնավորված որոշում է»։

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ղևոնդյանը կասկած չունի՝ ռեկտորի «սև ցուցակում» է հայտնվել վարչապետ Փաշինյանի քաղաքականությունը քննադատելու պատճառով։

«Բնականաբար, դա կապ ունի իմ քաղաքական, պետականակենտրոն մոտեցումների հետ, որովհետև ես կուսակցական որևէ պատկանելիություն չունեմ, ես գործող իշխանությունները Հայաստան պետության շահերով առաջնորդվելու հարցում աչքի չեն ընկնում, հակառակն են անում, և դա շատ տրամաբանական է, որ համալսարանական հարթակում, հետևաբար, տարբեր գործիքներով պետք է փորձեին ազատվել», - ասաց Ղևոնդյանը։

Աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու ծանուցումից մոտ մեկ ամիս առաջ էլ Ղևոնդյանը ձերբակալվել էր։ Նա Facebook-ում ակտիվ գրառումներ է անում ու հարցազրույցներ տալիս։ Քննչական կոմիտեն քաղաքագետին մեղադրում էր իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Օրեր առաջ Ղևոնդյանը գրեց՝ քրեական հետապնդումը դադարեցրել են, գործը կարճել։

Դատարան է դիմելու նաև իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Մելիքյանը։ Նրան էլ են ծանուցել, որ այս տարվանից չի դասավանդելու։ Ռուբեն Մելիքյանը փաստաբան է ու վերջին տարիներին դատարաններում ակտիվ պաշտպանում է ընդդիմադիր գործիչներին։ Կասկած չունի՝ իրավապաշտպան գործունեության պատճառով է հայտնվել անցանկալի դասախոսների շարքում։

Ռուբեն Մելիքյանը, արխիվ
Ռուբեն Մելիքյանը, արխիվ

«Սկզբունքի հարց եմ համարում, որովհետև Երևանի պետական համալսարանի ղեկավարությունը ժամանակավորապես իրականացնող անձինք չպետք է մտածեն, որ անպատիժ ձևով կարող են որոշել, թե ով պետք է ԵՊՀ-ում դասավանդի, ով՝ ոչ։ Հատկապես այն պայմաններում, երբ որևէ բովանդակային հարցադրում իմ մասով չեն կատարում», - ասաց Մելիքյանը։

Դադարեցրել են նաև Պատմության ֆակուլտետի դասախոս Շուշան Վարդանյանի, ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանի պայմանագրերը։

Ինչո՞ւ այս դասախոսների հետ չեն ուզում աշխատել․ ԵՊՀ-ից պարզաբանում են

Ի՞նչն է պատճառը, որ այս դասախոսների հետ չեն ուզում աշխատել․ Երևանի պետական համալսարանից պարզաբանում են՝ պայմանագրերը վերանայվել են՝ ուսումնական պլանը, դասաժամերն ու ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով։ Քաղաքական դրդապատճառներ, ըստ մամուլի խոսնակի, չկան։

Համալսարանի պարզաբանմանը զուգահեռ, որ աշխատանքային պայմանագրերը վերանայելը, դադարեցնելը ամենամյա բնականոն գործընթաց են, դատարանում հաղթում է այդ որոշումներից մեկը բողոքարկող դասախոսը։ Օրեր առաջ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախկին դասախոս Մենուա Սողոմոնյանի օգտին առաջին ատյանը որոշում է կայացրել, պարտավորեցրել է համալսարանին դասախոսի ամբողջ պարապուրդի գումարը փոխհատուցել։ Մենուա Սողոմոնյանն էլ իշխանության քննադատներից է, ընդդիմադիր միավորման անդամ։

Երևանի պետական համալսարանի ռեկտորը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն է։ Նա համալսարան տեղափոխվեց իշխող խմբակցությունից։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG