Մատչելիության հղումներ

Դանիայում նորակոչիկներն անցել են 11-ամսյա պարտադիր ծառայության

Արխիվ
Արխիվ

Դանիայում շուրջ 1,600 նորակոչիկ երկուշաբթի սկսել է պարտադիր զինվորական ծառայությունը՝ արդեն նոր, ընդլայնված համակարգով, համաձայն որի՝ նրանք կծառայեն 4 ամսվա փոխարեն 11 ամիս։ Երկիրն արագացնում է իր պաշտպանական կարողությունների զարգացումը՝ պայմանավորված Արկտիկայում անվտանգության մարտահրավերներով և Ուկրաինայում ընթացող պատերազմով։

Դանիան դեռևս 2024 թվականին հայտարարել էր, որ առաջին անգամ պարտադիր զինվորական ծառայությունը կտարածվի նաև կանանց վրա։ Միաժամանակ ծառայության տևողությունը կերկարաձգվի մինչև 2033 թվականը, տարեկան զորակոչիկների թիվը կաճի՝ 5 հազարից հասնելով 7,500-ի։

Նորակոչիկների այս խումբը ծառայության է անցնում այն ժամանակ, երբ Դանիան պատրաստվում է առաջին անգամ զորակոչիկներ ուղարկել Գրենլանդիա։ Ավելի քան 100 զինծառայողից բաղկացած ստորաբաժանումը մեկ ամսով կստանձնի այն պարտականությունները, որոնք մինչև այժմ կատարել են պրոֆեսիոնալ զինվորականները։

Այս տեղակայումը լրացուցիչ քաղաքական նշանակություն է ստացել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Դանիային պատկանող ինքնավար Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու ցանկության մասին։ Այդ առաջարկը կտրականապես մերժել են թե՛ Գրենլանդիայի, թե՛ Դանիայի իշխանությունները։

Անցած ամիս Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է պաշտպանել դաշինքի տարածքի «յուրաքանչյուր թիզը, այդ թվում՝ մերը»։

Պարտադիր զինվորական ծառայության համակարգ գործում է նաև Դանիայի սկանդինավյան հարևաններ Շվեդիայում, Ֆինլանդիայում և Նորվեգիայում, ինչպես նաև Բալթյան երկրներում՝ Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում։

XS
SM
MD
LG