Մատչելիության հղումներ

Մերկապարանոց ու կեղծ մեղադրանքներ. եպիսկոպոսներն ու թեմերի առաջնորդները՝ իշխանությանը


Հայաստանյան եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ, արձագանքում են իշխանությունների մեղադրանքներին՝ հայտարարելով, թե դրանք մերկապարանոց են ու կեղծ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդի գլխավորությամբ կայացած ժողովին հայտարարություն է ընդունվել, որում նշվում է, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ վարչապետը, «Տավուշում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո կատարվող տարածքային միակողմանի զիջումների դեմ հանրային ընդվզման այս օրերին, վերստին սկսել են թիրախավորել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հրապարակ նետելով տարատեսակ կեղծ հայտարարություններ և ճշմարտազուրկ տեսություններ՝ առնչված Եկեղեցու պատմական առաքելությանն ու ներկա գործունեությանը»։

Եկեղեցու և իշխանության հարաբերությունները լարված են հատկապես 44-օրյա պատերազմից հետո։ Սակայն, դրանք ավելի սրվեցին վերջին շաբաթներին, երբ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վարչապետի հրաժարականի պահանջ դրեց։ Իշխող կուսակցությունից տարատեսակ հայտարարություններ են եղել, այդ թվում, թե «եկեղեցու իրական նպատակն իր ներքին ու արտաքին խմբակային շահի համար Հայաստանի պետականությունը զոհաբերելն է»։

Բարձրաձայնվեց նաև եկեղեցու հարկման թեման։

Մայր Աթոռի եպիսկոպոսներն ու թեմերի առաջնորդները մերկապարանոց են որակում մեղադրանքները Եկեղեցու կողմից հարկեր չվճարելու առնչությամբ։

«Պաշտոնական վիճակագրությունները ուղղակի փաստում են ՀՀ օրենքով սահմանված հարկային պարտավորությունների կատարման մասին։ Հատկապես դատապարտելի է, երբ կառավարության ղեկավարը անհիմն մեղսագրումներով և անսքող դիտավորությամբ Հայ Եկեղեցուն ամբաստանում է ինչպես անցյալում, այնպես և այսօր «ազդեցության գործակալ» լինելու մեջ», - ասված է հայտարարության մեջ։

«Ցավ ենք արտահայտում, որ գործող իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են անվայելուչ իրենց հանգամանքին, նաև սպառնալիքների, ճնշումների և ապատեղեկատվության գործիքակազմերի օգտագործմամբ», - նշում են հայտարարության հեղինակները։

Մայր Աթոռի ունեցվածքն ու գործարքները մասնակի են հարկվում, այնուամենայնիվ կառույցը 1000 խոշոր հարկատուների ցանկում է՝ 488-րդ տեղում, այս տարվա առաջին երեք ամիսներին բյուջե է վճարել 147 միլիոն 475 հազար դրամ, մեծ մասը՝ շուրջ 119 միլիոնը եկամտահարկ է, 348 հազար դրամ ավելացված արժեքի հարկ է վճարել, ենթադրվում է՝ ոչ կրոնական գործարքի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG