Մատչելիության հղումներ

Չնայած զգալի ջանքերին՝ Հայաստանն ապօրինի ակտիվների վերականգնումը քաղաքական նպատակ չի դարձրել. ԵԽ զեկույց

Եվրոպայի խորհրդի լոգոն, արխիվ
Եվրոպայի խորհրդի լոգոն, արխիվ

Եվրոպայի խորհրդի փողերի լվացման դեմ պայքարի մարմնի՝ MONEYVAL-ի գնահատմամբ՝ չնայած ապօրինի ակտիվների վերականգնմանն ուղղված զգալի ջանքերին, Հայաստանը դա քաղաքական նպատակ չի դարձրել: Կառույցը նման եզրահանգման եկել է՝ ուսումնասիրելով հանցավոր եկամուտների բռնագանձման ոլորտում Հայաստանի ձեռք բերած արդյունքները: Զեկույցի հեղինակներն անցած հոկտեմբերին են իրականացրել ուսումնասիրությունը Հայաստանում:

«Թեև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համակարգի ներդրումն ուժեղացրել է երկրի՝ ապօրինի ակտիվները բռնագանձելու կարողությունը, MONEYVAL-ը կոչ է անում վերանայել բռնագանձման համակարգի բոլոր փուլերը, ինչպես նաև ընդլայնել հանցավոր եկամուտների հայտնաբերման, կալանադրման և բռնագանձման համար անհրաժեշտ փորձն ու ռեսուրսները», - նշված է զեկույցում:

Եվրոպայի խորհուրդը Հայաստանի իշխանություններին կոչ է անում ավելի խորը վերլուծության ենթարկել արտաքին սպառնալիքները, ահաբեկչության ֆինանսավորումը և վիրտուալ ակտիվների հետ կապված ռիսկերը։ Համարում են, որ հետագա բարելափոխումներ են անհրաժեշտ անշարժ գույքի ոլորտում ռիսկերի գնահատման, ինչպես նաև օպերատիվ համագործակցության մեխանիզմների հարցում։ Միաժամանակ գովեստի արժանի են համարում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի ընկալման ուժեղացմանն ուղղված ջանքերը, իսկ այդ ռիսկերի հասցեագրմանն ուղղված ազգային քաղաքականությունն ու ռազմավարությունները «բավարար» են որակել:

Գնահատումից հետո Հայաստանը ստացել է գործողությունների ճանապարհային քարտեզ, որը պետք է կատարի երեք տարվա ընթացքում։ Իշխանությունները պարտավոր են զեկուցել MONEYVAL-ին արձանագրած առաջընթացի մասին։


XS
SM
MD
LG