Չինաստանը կրճատել է ԱԹՍ-ների ստեղծման համար անհրաժեշտ բաղադրիչների մատակարարումները ԱՄՆ և Եվրոպա, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ հաղորդման՝ չինական ընկերությունները, մասնավորապես, սահմանափակել կամ ամբողջությամբ դադարեցրել են շարժիչների, մարտկոցների ու թռիչքի կարգավորիչների արտահանումը։ Սահմանափակումները վերաբերում են ինչպես ամերիկյան, այնպես էլ եվրոպական ընկերություններին, այդ թվում՝ Ուկրաինայի համար անօդաչու սարքեր արտադրող։
Bloomberg-ը նշում է, որ Չինաստանը վերահսկում է անօդաչու թռչող սարքերի առևտրային շուկայի գրեթե 80 տոկոսը։ Շատ արտադրողներ օգտագործում են չինական դետալներ՝ էժան և արդյունավետ զենքեր արտադրելու համար։ Մատակարարումների շղթան ապահովելու համար այժմ արևմտյան երկրները ձգտում են ԱԹՍ-ների արտադրությունն ու հավաքումը տեղափոխել Չինաստանից։
Bloomberg-ը գրում է նաև ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային հարաբերությունների հետագա վատթարացման մասին՝ հիշեցնելով, որ Վաշինգտոնը Չինաստանի համար հիշողության չիպերի և որոշ սարքավորումների վաճառքի նոր սահմանափակումներ է մտցրել, ի պատասխան Պեկինն էլ արգելել է ամերիկյան ընկերություններին վաճառել երկակի նշանակության ու ռազմական կիրառություն ունեցող մի շարք ապրանքներ։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ընտրություններում հաղթանակից հետո հայտարարեց, որ բարձր մաքսատուրքեր կսահմանի Մեքսիկայից և Կանադայից բոլոր ապրանքների համար, ինչպես նաև լրացուցիչ մաքսատուրքեր չինական ապրանքների համար։