Մատչելիության հղումներ

Չարբախի ապօրինի տնակներում բնակվող վեց ընտանիքները՝ տանիքից զրկվելու վտանգի առջև

Չարբախի ծայրամասում որդու, հարսի ու թոռների հետ մի փոքրիկ ու խարխուլ տնակում բնակվող տիկին Անուշի և կողքի տնակներում ապրող ևս հինգ ընտանիքներ ընդհանրապես առանց տանիքի մնալու վտանգի առջև են հայտնվել: Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն այսօր տրակտորով եկել էին քանդելու անօրինական տնակները:

Փաստի առջև կանգնած բնակիչներն այսօր էլ մանկասայլակներով տրակտորի ճամփան փակելով, էլ քարերով հարվածելով թույլ չտվեցին, որ տեխնիկան աշխատի։ Հրապարակված կադրերում երևում է՝ քարը դիպչում է տղամարդուն։ Հետևանքները կարող էին ողբերգական լինել։ Տիկին Անուշի որդուն ու թոռանը բերման ենթարկեցին։ Իր ինքնազգացողությունն էլ վատացավ, շտապ օգնություն կանչեցին։

Այս տնակները սեփականաշնորհված չեն, բնակիչներն էլ ընդունում են, համաձայն են, սակայն հարցնում են՝ մի՞թե կարելի է այսպես՝ առանց զգուշացնելու, առանց ժամանակ տալու մարդկանց անօթևան դարձնել։

Քաղաքապետարանից ուրբաթ օրը տեղեկացրել են, որ քանդելու են, երկուշաբթի տրակտորն արդեն այստեղ էր։

Թե ինչու է քաղաքապետարանն այսքան շտապում, պարզ չէ: Քաղաքային իշխանությունների համար նորություն չէ, որ արդեն մի քանի տասնամյակ այստեղ տնակներ կան, մարդիկ են ապրում: Վեց ընտանիքները հիմա միայն ենթադրում են՝ գուցե հողատարածքը գնել են, գնորդն է շտապեցնում: Պնդում են՝ տարածքում առանց սեփականության վկայականի այլ տներ էլ կան, սակայն այժմ հենց իրենք են փողոցում հայտնվելու իրական վտանգի առաջ կանգնած։

«Ես անճար եմ, անզոր եմ, ես ոչ մի տեղ չունեմ գնալու, ոչ մի հարազատություն չկա էստեղ, ինձ ձեռ բռնող չկա էստեղ, ես ինքս եմ՝ իմ տղայի հետ, իմ էրեխեքի հետ, թոռներիս հետ», - ասում է տարեց կինը:

Նրանք լավ օրից չէ, որ այսպիսի պայմաններում են ապրում։ Տիկին Անուշն այս տնակ է տեղափոխվել 30 տարի առաջ։ Մինչ այդ «Կարմիր բլուր» գերեզմանատանն է ապրել։ Պատմում է՝ մի բարերար օգնել է, այս տնակն է նվիրել։ Տարիների ընթացքում հոսանք, ջուր են քաշել ու մի կերպ ծայրը ծայրին հասցրել։

Բազմազավակ ընտանիքը տիկին Անուշի որդու օրավարձով, աշխատանքով, իր ստացած թոշակով ու նպաստով է ապրում։ Այս տնակում ապրող իր հինգ թոռները նույնիսկ առանձին մահճակալ չունեն։

«Գոնե թողեն՝ էսի վայելեմ, դժվարությամբ, բայց վայելեմ: Թողեն գոնե էդ երեխեքին մի քիչ պահեմ, մեծացնեմ, մեծանան, իրանք իրանց ճարը կգտնեն», - ասում է կինը:

Այս ընտանիքները չեն պատկերացնում՝ ի՞նչ են անելու, եթե տրակտորը գործի դնեն։ Այժմ հույս ունեն՝ մարդկային վերաբերմունքի կարժանանան։

«Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ այս դաժան օրերից պրծնեմ», - ասում է տիկին Անուշը:

Քաղաքապետարանից հորդորեցին Շենգավիթի թաղապետին դիմել։ Ռոմիկ Մխիթարյանը պնդեց՝ տեղյակ չէ՝ արդյո՞ք տարածքը վաճառելու հարց կա։ Նա տեղի ունեցածն այսպես մեկնաբանեց․ տնակների բնակիչներն այնտեղ տարիներով ապօրինի գործունեություն են ծավալել ու գումարի դիմաց տնակներին հարակից հատվածն աղբավայր դարձրել, 2022-ից նրանց զգուշացրել են՝ չի կարելի, սակայն բնակիչները շարունակել են աղբ տեղափոխել ու լցնել այնտեղ։

«Գումարի դիմաց մեքենաներով կենցաղային և շինաղբ են թույլ տվել, որ իրենց տարածքում դատարկվի, և բավականին մեծ ծավալի աղբ է էդտեղ կուտակված։ Էսօր որոշում կայացվեց չքանդել, վաղը հրավիրելու ենք իրենց էստեղ՝ մեզ մոտ., - «Ազատությանը» ասաց Մխիթարյանը:

Մի՞թե տրակտոր բերեցին ու այսպիսի իրավիճակ ստեղծեցին մարդկանց նախազգուշացնելու համար։ Մի՞թե քաղաքապետարանն իր պահանջները կատարելու համար այլ գործիքներ չունի, որ մարդկանց անօթևան դարձնելով են այժմ սպառնում, «Ազատություն»-ը հարցրեց թաղապետին։

«Դե հիմա այս ձևով էսօր լուծումը տվեցինք, Էլ դրանից այլ ձևը ո՞րն է։ Էսօր լուծումը տվել ենք այս ձևով, վաղը իրենց հրավիրում ենք, իրենց նախազգուշացնում ենք, նաև, չգիտեմ արդեն, էդ բոլոր ծառայությունները ներկա են լինելու, իրենք կորոշեն՝ ինչ է արվելու», - ասաց Շենգավիթ համայնքի վարչական ղեկավարը:

Ըստ Ռոմիկ Մխիթարյանի՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն է այսօր որոշել՝ պետք չէ քանդել։ Վաղը քննարկում են անցկացնելու և ամենայն հավանականությամբ բնակիչներին դարձյալ կնախազգուշացնեն՝ աղբ տեղափոխելու այդ աշխատանքն այլևս չիրականացնել, ու նրանց թույլ կտան բնակվել իրենց տնակներում։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG