Ռումինիայում ձերբակալվել է նախագահի նախկին թեկնածու, 64-ամյա Կալին Գեորգեսկուն, հայտնում են տեղական HotNews և Digi24 լրատվամիջոցները:
Կազմակերպված հանցավորության և ահաբեկչության հետաքննության վարչության (DIICOT) ներկայացուցիչները, ոստիկանության հետ համատեղ, խուզարկություններ են անցկացրել Մոգոշոայայի, Չոլպանիի, Բուֆտեայի և Բուխարեստի հինգ հասցեներում՝ կազմակերպված հանցավոր խմբի ստեղծման և խոշոր չափերի խարդախության քրեական հետաքննության շրջանակում։
Իրավապահների տվյալներով՝ Գեորգեսկուն գլխավորել է հանցավոր խումբ, որն ստեղծվել է «անօրինական ֆինանսական շահույթ ստանալու» նպատակով։ Դրանում ներառված են եղել Ռումինիայի 47-ամյա և Իտալիայի 56-ամյա քաղաքացիներ։ Խմբի առաջնորդը, ըստ իրավապահների, խմբի երկու անդամներին ներկայացրել է որպես «հաջողակ գործարարներ, որոնք իբր կառավարում են օտարերկրյա ընկերություններ և հասանելիություն ունեն մեծ գումարների և կարող են վարկեր տրամադրել:
Հետաքննիչների խոսքով՝ նրանք իրենց զոհին համոզել են, որ նա կարող է 6 միլիոն եվրո վարկ ստանալ և նրանից ստացել են ավելի քան 1 միլիոն եվրո: Ապա նրան համոզել են, որ վարկը կարող է ավելանալ 15 միլիոն եվրո և ստիպել են ևս 100 հազար եվրո փոխանցել։ Այդպիսով զոհին պատճառված վնասի չափը կազմել է ավելի քան 1,1 միլիոն եվրո։
Ըստ լրատվամիջոցների հաղորդումնների՝ գործի շրջանակում ձերբակալվել է նաև գործարար Իոնել Ռուսենը Կոնստանտայից։
Ռումինիայում Գեորգիեսկու նկատմամբ արդեն իսկ հետաքննություն է ընթանում՝ սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողությունների, այլատյաց և հակասեմական խմբավորումների ստեղծման, ինչպես նաև կեղծ տեղեկատվության տարածման համար։ Նրան արգելվել է լքել երկիրը և գրառումներ անել սոցիալական ցանցերում։ Գեորգիեսկուն, սակայն, մեղադրում է իշխանություններին՝ պնդելով, որ իրեն քաղաքական դրդապատճառներով են հետապնդում։
2024 թվականի նոյեմբերին Ռումինիայի նախագահական ընտրություններում առաջադրված Գեորգեսկուն անսպասելիորեն հաղթեց առաջին փուլում։ Երկրի իշխանությունները չեղյալ հայտարարեցին քվեարկության արդյունքները՝ Ռուսաստանի միջամտության մեղադրանքների ֆոնին. հետախուզական գործակալությունները մատնանշեցին սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ TikTok-ում, թեկնածուին աջակցող լայնածավալ արշավի ֆինանսավորման անորոշ ծագումը:
Ջորջեսկուին արգելվեց մասնակցել նոր ընտրություններին, և մի շարք նոր կանոններ մտցվեցին կրկնակի ընտրությունների համար: Մայիսին կրկնակի ընտրություններում հաղթեց ծայրահեղ աջ թեկնածու և Ջորջեսկուի դաշնակից Ջորջ Սիմիոնը: Սակայն երկրորդ փուլում հաղթանակ տարավ Նիկուսոր Դանը: