Վեդիի հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենը բուժհաստատության բյուջեից մոտ 140 միլիոն դրամ տանուլ է տվել կազինոյում, Badoyan News տելեգրամյան ալիքն էր գրել այս մասին: Արամայիս Գրիգորյանը նաև Վեդիի ավագանու անդամ էր, նա այժմ թե' մանդատն է վայր դրել, թե' պաշտոնից ազատվել:
«Դուք սպասեք մի քանի օր, ամեն ինչ թափանցիկ կերևա: Ես ինչ որ արել եմ՝ ես ինքս գնացել եմ դրա մասին խոստովանել եմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը:
Առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության հոդվածով քրեական գործ է հարուցվել դեռ փետրվարի 17 ին, հայտնում են Դատախազությունից: Միայն թե մինչև այժմ մեղադրյալ չկա, Արամայիս Գրիգորյանը կարգավիճակ չունի:
«Կունենամ, կունենամ, կունենամ», - վստահեցնում է նա:
Արդեն նախկին տնօրենը որևէ թիվ չի ասում, բայց և չի հերքում, որ հիվանդանոցի բյուջեով է խաղադրույքներ արել: Այժմ սպասում է՝ իրավապահները կա՛մ իրեն տանեն, կա՛մ կանչեն. պարզ չէ՝ ինչո՞ւ այդպիսի բան տեղի չի ունենում գործը հարուցելուց շուրջ մեկ ամիս անց: «Տանը, մեր տանը սպասում եմ», - ասաց նա:
Վիրաբույժ Արամայիս Գրիգորյանը բժշկական կենտրոնի տնօրեն 2019-ին դարձավ. այդ ժամանակ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տնօրենի մրցույթում եզրափակիչ հասած երեք թեկնածուներից հենց նրան ընտրեց: Սարգսյանն այժմ Վեդիի համայնքապետն է, Գրիգորյանը մինչև այս սկանդալը՝ ավագանու ՔՊ-ական անդամ:
Այսօր ավագանու նիստ էր, և Սարգսյանին բոլորովին դուր չեկավ, որ շենքում լրատվամիջոց կա. - «Իրանց ով ա՞ ներս թողել»:
Նիստից հետո ասաց՝ հոգնած է. - «Հոգնած եմ, տևական ժամանակ նիստ ենք ունեցել՝ երկու ժամից ավել, հիմա ուզում եմ մի քիչ հանգստանամ, իմ ընդմիջման ժամն ա»:
Թիմակցի և ընկերոջ արտառոց գործողությունը Գարիկ Սարգսյանը չի ուզում մեկնաբանել. - «Ես ընդհանրապես էդ հարցով մեկնաբանություն չեմ ուզում տալ, քանի որ շատ զգայուն թեմա է, և մենք բոլորս էս տարածաշրջանում ապրում ենք, ու Արամայիսը Գրիգորյան՝ նախկին տնօրենը, ինձ շատ մտերիմ, հարազատ անձնավորություն է: Դրա համար, ես կխուսափեմ էդ մասով որևէ ...»:
Բժշկական կենտրոնը մեկ տարի է ինչ Առողջապահության նախարարության ենթակայությամբ է գործում, մինչև այդ՝ Արարատի մարզպետարանի: Որ հիվանդանոցի բյուջեն խաղատուն է հոսել, նկատող չի՞ եղել: Այս հարցի պատասխանը չկա՝ հիմնավորում են, որ քրեական գործ կա:
Վեդիի բժշկական կենտրոնի այցելուները դժվարությամբ են ընկալում տեղի ունեցածը, ինչպե՞ս է հնարավոր հիվանդանոցի բյուջեն կանխիկացնել, տնօրինել հարազատ գրպանի պես:
«Ֆինանսական խնդիրներ ոչ եղել էր, ոչ էլ հիմա կա: Ֆինանսական վիճակը նորմալ է, այսինքն՝ աշխատողները նորմալ իրենց աշխատավարձը ստացել են», - ասաց բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սամվել Խաչատրյանը:
Խաչատրյանը վստահեցնում է՝ հաստատությունում ֆինանսական ճգնաժամ չկա, աշխատավարձեր չեն ուշացել: Կենտրոնի տարեկան բյուջեն շուրջ 700 միլիոն է, ասաց, դժվար է պատկերացնել, որ 140 միլիոնը եղանակ չի փոխում:
Բժշկական կենտրոնն արդեն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի՝ Արամ Մարգարյանը: Ասաց՝ ֆինանսական ճեղքերի մասով ուսումնասիրություն դեռ չունի. - «Նոր ես արդեն ուսումնասիրում եմ, նոր, հիվանդանոցը առհասարակ: Երեք օր եմ աշխատում ստեղ»:
Մարգարյանը մտադիր է մասնակցել նաև տնօրենի մրցույթին:
Իսկ Արամայիս Գրիգորյանը սպասում է իրավապահներին: