Աշխատանքից հեռացված Աիդա Մխիթարյանը պնդում է, թե իր նախկին ղեկավարի՝ Շենգավիթ վարչական շրջանի կոմունալ բաժնի պետի որդին, հարվածել է իրեն՝ փորձելով խլել հեռախոսը: Հավաքարարի գործը կորցրած կինը պատմում է՝ շաբաթներ առաջ լրագրողներին ահազանգել էր, իր պնդմամբ, իրեն անհիմն աշխատանքից ազատել են՝ չվճարելով նաև երկու ամսվա աշխատավարձը, դրանից հետո հեռախոսը ձեռքին մտել է թաղապետարան ու ղեկավարից՝ Սերգո Սարգսյանից բացատրություն պահանջել:
Աիդայի պնդմամբ՝ հենց այդ՝ վիճաբանության տեսանյութի պատճառով է երիտասարդը հարվածել իրեն ու փորձել հեռախոսը խլել. «Խփեց իմ մեջքին քացիով ու հայհոյանքներ տվեց՝ «հեռախոսդ հենց հիմա տուր, որ ես ջնջեմ նկարածներդ, որը իմ պապայի հասցեին նկարել ես դու ու ուղարկել ես լրագրողներին»», - «Ազատության» հետ զրույցում ասաց կինը:
Հարցին, թե ճանաչո՞ւմ է տղամարդուն, գիտի՞, որ կոմունալ բաժնի պետի որդի՞ն է, նա պատասխանեց. «Չեմ ճանաչում, բայց արտահայտությունն այսպիսին է եղել՝ «այն նկարածները, որ նկարել ես, հենց հիմա տուր այստեղ, որ պիտի ջնջեմ իմ հոր հասցեին նկարահանված այդ ամեն ինչը»:
Շենգավիթ վարչական շրջանի կոմունալ բաժնի պետ Սերգո Սարգսյանը, որ տեսանյութում հրահանգում է հեռացնել կնոջը շենքից, «Ազատությանն» այսօր ասաց՝ իր տղան կնոջ չէր հարվածի. «Այդպիսի բան անողը կասե՞ր՝ ինքն ով է: Լոգիկայի մեջ չի տեղավորվում չէ՞: Խփեր, հետո ասեր՝ ես այսինչի տղան եմ: Ես պնդում եմ, որ դա սուտ է, զրպարտում է ինքը»:
Աիդա Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ ե՞րբ ու որտե՞ղ է իր նշած դեպքը տեղի ունեցել, խնդրեցինք նաև նկարագրել իրեն հարվածած երիտասարդի արտաքինը. «Ոչ շատ բոյով, ոչ շատ կոլոտ, միջին չափի, մի քիչ գնդլիկ տղա էր՝ սև մազերով: Ընկերոջ հետ էր, բայց ընկերը ոչ մի ռեակցիա չի տվել: Եղել է Հայկ Հովսեփյան-Մանանդյան-Եղբայրության շենքերի մեջ: Ես իրենց տան տարածքի մոտով եմ եկել»:
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում հերքել էր իր աշխատակիցների կողմից կնոջը ծեծելու մասին պնդումները՝ նշելով, որ Աիդա Մխիթարյանը վատ է կատարել աշխատանքը, անհիմն բացակայել է, վիրավորել բնակիչներին, գործընկերներին և դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ։ Ասել էր նաև, թե աշխատավարձի պարտք չունեն, ինչ աշխատել է՝ ստացել է:
Աիդա Մխիթարյանն էլ այս պնդումներն էր հերքել՝ նշելով՝ իր 2 ամսվա աշխատավարձը չեն տվել, իսկ բնակիչների հետ ինքը միայն փոխադարձ հարգալից հարաբերություններ է ունեցել: Համոզված է՝ իրեն աշխատանքից ազատել են կառավարության դիմաց միայնակ բողոքի ակցիա անցկացնելու պատճառով, երբ պահանջել է իրենց շենքի տանիքը վերանորոգել:
Աիդա Մխիթարյանի հայտարարությունից հետո, թե թաղապետարանից իրեն ծեծելով են հեռացրել, Քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել: Կինը ցուցմունք է տվել քննիչներին, բայց արդեն 1 ամիս է, ինչ այս գործը նախաքննության փուլում է: Ասաց՝ քննիչները վստահեցրել են՝ կզանգահարեն. «Էն զանգելն է, որ պիտի զանգի»:
Աիդա Մխիթարյանը պատմում է՝ լրագրողներին հարցազրույցներ տալուց հետո նաև Մարդու իրավունքների պաշտպանին էր դիմել: Հետո զանգահարել է, որ հասկանա՝ ի՞նչ փուլում է գործը, ասաց՝ հուսադրող պատասխան չի ստացել. «Փաստաթղթերով թաղապետարանն ամեն ինչ ճիշտ է արել, եթե դուք համոզված եք, որ հունվար-փետրվար ամիսները աշխատել եք, բնականաբար դուք կարող եք դիմել դատարան»:
Կինն ասում է՝ նախկին գործընկերները հետապնդում են իրեն ու տեսանկարահանում են, չի կասկածում, որ շուտով այդպիսի կադրեր կհրապարակեն, թե իբր ինքը հոգեկան անկայուն վիճակում է: Աիդայի նախկին ղեկավարը սա էլ է հերքում. «Այդպիսի բան չկա: Մենք այնքան զբաղված ենք, որ Աիդայի ժամանակը չունենք»:
Բակային հավաքարարի աշխատանքը կորցրած Աիդա Մխիթարյանն ասում է՝ հնարավոր բոլոր տարբերակներով փորձում է իր իրավունքները վերականգնել՝ իրավապահներին դիմել է, իր անմիջական ղեկավարից բացատրություններ պահանջել է, Մարդու իրավունքների պաշտպանին դիմել է: Ուսերը վեր է քաշում ու հարցնում՝ էլ ո՞ւմ դիմի:
«Ես էլ, մայրս էլ հաշմանդամություն ունենք, տանը միայն ես էի աշխատում», - ասում է 44-ամյա Աիդան, որ շաբաթներ շարունակ աշխատանք է փնտրում:
Զարմանում է՝ մի՞թե Երևանում հավաքարարի թափուր հաստիք չկա իր համար: