Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա Երևանի 94 մանկապարտեզում. պահանջում են տնօրենի հեռացումը

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Երեխաների ծնողները այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել նախ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 94 մանկապարտեզում, հետո գնացել էին վարչական շրջանի ղեկավարի մոտ հանդիպման, որպեսզի իրենց դժգոհությունները ներկայացնեն։

Նրանք ասում են, որ կփոխեն երեխաների մանկապարտեզը, եթե աշխատանքից ազատման դիմում գրած աշխատակիցները, դայակները չվերադառնան իրենց աշխատանքին։

«Խնդիրը սկսվել է տնօրենի անհարգալից վերաբերմունքից դաստիարակների, դայակների և ընդհանրապես աշխատակազմի նկատմամբ։ Անառողջ մթնոլորտ, մանկավարժները բոլորը ամեն օր լարված, վատ տրամադրությամբ մտնում են երեխաների մոտ», - ասաց ծնողներից մեկը։

Աշխատանքից ազատման դիմում է գրած դայակներից մեկը ասում է՝ տնօրենը՝ Փառանձեմ Միրիբյանը, որ արդեն 1,5 տարի այս պաշտոնում է աշխատում, իր ինքնասիրությունը նվաստացրել է։ Դայակն ասաց, որ ինքը դիմում է գրել, տնօրենը դեռ չի մակագրել, և իրենից հետո սկսել են դիմումներ գրել ևս 7-8 աշխատակիցներ:

«Սա մեկ տարվա կուտակված վիճակ էր, որը պետք է ժայթքեր ու պայթեր ու պայթեց: Իմ բաժնի պետին ասել եմ բուն պատճառները, ինչի համար եմ ես դիմում գրել։ Օրինակ, այսպիսի եզրույթ՝ «ես ձեզ դուրս շպրտեմ այստեղից, ձեզ մորգում անգամ օրգան թափող չեն ընդունի»։ Իսկ հաճախ ցույց էր տրվում սպիտակ թղթերի տեղերը և ասվում, որ «դիմում գրեք և հեռացեք»։ Ամեն օր մեր երեսին ասվում էր, որ հներից պետք է ազատվել։ Ոչ մեկս իրավունք չուներ խոսել, որովհետև երկրորդ բառը՝ «օրենքի կետով չխոսաս, օրենքը ես եմ ձեզ սովորեցրել, դուք օրենք չգիտեիք, որ օրենք գիտեիք, այն ժամանակ խոսեիք։ Հետո ձեզանից կարևոր իմ աթոռն է։ Գրեք, գնացեք», - պատմեց նա։

Տնօրեն Փառանձեմ Միրիբյանի հետ կարողացել է խոսել Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը. «Ըստ տնօրենի, մեկ դաստիարակ անձնական պատճառներով դիմում է գրել, դրանից հետո մնացածներն են սկսել գրել, և հետո այդ անձնական պատճառներով դիմում գրածը իր կարծիքը փոխել է։ Այդպիսի տեսակետ արտահայտեց, ինքը շատ սակավախոս էր, հղում արեց, որ առողջական որոշակի դրվագներ ունի և երկար չտևեց մեր խոսակցությունը։ Այն համախմբումը, այն տարաբնույթ խնդիրների բարձրաձայնումը, որ այստեղ շոշափվեց, տպավորություն է ստեղծում, որ այդուհանդերձ ծնողների և աշխատակիցների գանգատները շատ ավելի ճշմարտանման են։ Այստեղ հրատապ միջամտության կարիք կա և ես ինքս պատրաստվում եմ հրատապ գրությունով դիմել քաղաքային իշխանություններին և Կրթության նախարարությանը, որ արտակարգ միջամտություն կատարվի, որովհետև եթե կա վեց դաստիարակ, որից հինգը դիմում է գրել, նշանակում է գործնականում կանգնած է կոլապսի շեմին մանկապարտեզը»։

Դայակները պատմեցին, որ մի քանի անգամ զանգահարել են վարչական շրջանի աշխատակիցներին, պատմել են, թե ինչ է տեղի ունենում այստեղ, իրենց պնդմամբ իրենց հետ վատ են վարվում և այլն, բայց ծնողները, որոնք այսօր հանդիպել էին վարչական շրջանի ղեկավարին, ասացին, որ նա ասել է, թե ինքը առաջին անգամ է լսում այս դժգոհությունների մասին։

«Ազատության» հետ զրույցում վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանն ասաց․ «Զանգել են երեք օր առաջ, և դրա արձագանքը միանգամից եղել է։ Մեր աշխատակազմը՝ և՛ կրթության բաժինը, և՛ իմ աշխատակազմի քարտուղարը, այս երկու-երեք օր է՝ աշխատում ենք այդ անձնակազմի հետ։ Հանրակրթության վարչությունից ներկայացուցիչներն էին նստած, վերահսկողությունից, ես բոլորի մոտ ուղիղ հարցրեցի՝ եղե՞լ է, որ դուք դիմել եք ու արձագանք չի եղել։ Նման բան չի եղել մինչև այս դեպքը։ Եթե գտանք, որ տնօրենը մեղավորություն ունի, միանշանակ պատժվելու է։ Եթե գտանք, որ տնօրենը մեղավորություն չունի, ինչ-որ մեկն է մեղավոր, բնական է պիտի պատժվի այդ ինչ-որ մեկը։ Աշխատակիցների հետ վաղը կզրուցեմ, պիտի բան անենք, որ այդ մարդիկ վերադառնան իրենց բնականոն աշխատանքին»:

«Ազատության» դիտարկմանը, որ լրագրողների հետ զրույցում նրանք ասեցին, որ չեն վերադառնալու աշխատանքի, եթե տնօրենը չփոխվի, Մխիթարյանն արձագանքեց. «Այդպես ուլտիմատումներով չի կարելի խոսել։ Այստեղ խնդիրը ո՛չ տնօրենն է, ո՛չ այդ աշխատակիցներն են, այստեղ կարևոր խնդիրը երեխաներն են»։

Վաղ առավոտյան մանկապարտեզում մյուս լրատվամիջոցների ներկայացուցիչներն են եղել, որոնց հաջողվել էր ամեն դեպքում մի քանի հարց տալ տնօրեն Միրիբյանին։

«Մեկնաբանություններ չեմ կարող տալ, ես վերջերս եմ վիրահատվել, խնդրում եմ այս պահին ինձ թողեք հանգիստ, այս պահին ես ինձ ուղղակի վատ եմ զգում», - ասել է նա:


Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG