Մատչելիության հղումներ

«2026-ին՝ 90-ականների պայմաններով». բնակիչները դժգոհում են, կառուցապատողն ու Կադաստրը միմյանց են մեղադրում

Երևանի Ադոնցի 2/6 հասցեի նորակառույցի բնակիչները դժգոհում են՝ 2026 թվականին ապրում են 90-ականների պայմաններում:

Կառուցապատող «Միկշին» ընկերությունը «Երազ» բնակելի թաղամասում 2020-ին սկսել է 6 նոր շենք կառուցել: Դրանցից մի քանիսն, ըստ բնակիչների, պետք է 2024-ի դեկտեմբերին շահագործման հանձնվեին, մյուսները՝ 2025-ի դեկտեմբերին, բայց մինչ օրս դա չի արվել: Չունեն նաև սեփականության վկայականներ: Ասում են՝ քանի որ շատերն այլևս չէին կարող և՛ վարձով ապրել, և՛ հիփոթեք վճարել, կառուցապատողի համաձայնությամբ տեղափոխվել են իրենց բնակարաններ: Հոսանքն ու ջուրը ստանում են կառուցապատողից, որովհետև դեռ ոչ ՀԷՑ-ի, ոչ էլ «Վեոլիա»-ի բաժանորդ չեն:

«Որպեսզի բնակիչներին ինչ-որ ձև գոհացնի, բանալիները տվել է, բնակիչներից շատերը բնակվում են, իրենց հաշվին հոսանք է տվել, դեռ հաշիվ չի գրել, բայց հաշվիչները և լարերը մեր հաշվին առել ենք, տեղադրել: Ամեն մեկ, երկրորդ շաբաթը մեկ 24 ժամից ավելի անջատվում է վթարային: Չգիտես ինչի համընկնում է ոչ աշխատանքային օրերի հետ», - պատմեց բնակիչներից մեկը:

Դավիթ Ստեփանյանը, որ «Միկշին» ընկերության շինարարությունն իրականացնող «Էս Թի Սերվիս»-ի փոխտնօրենն է, «Ազատությանն» ասաց՝ իրենք դիմել են ՀԷՑ, որ բնակիչներին բաժանորդ դարձնեն, սպասում են պատասխանի: Իսկ ավելի քան 24 ժամով հոսանքազրկումների մասին, պնդեց՝ առաջինը մեզնից է լսում:

ՀԷՑ-ից «Ազատությանը» փոխանցեցին՝ Ադոնցի 2/6 շենքի կառուցապատողը տարիներ առաջ է դիմել բաշխման ցանցին միանալու համար, արտաքին միացման աշխատանքները հանձնվել են երկու կապալառու ընկերության։ ՀԷՑ-ից պնդում են, այդ աշխատանքները ձգձգվել են, սակայն նոր կառավարիչը չի չեղարկել նախկինում կնքված պայմանագրերը, որ գործը կիսատ չմնա։ Կապալառուները ՀԷՑ-ին հավաստիացրել են, որ մինչև այս ամսվա վերջ ավարտել մալուխային գծերի և ենթակայանի աշխատանքներն ու դրանք հանձնել շահագործման:

«Մինչ այդ բնակիչներն օգտվում են կառուցապատողին տրամադրված ժամանակավոր սնուցման մալուխից, որովհետև դեռ բաժանորդ չեն: Իսկ հոսանքազրկումների հիմնական պատճառը հենց այդ ժամանակավոր ցանցի գերբեռնվածությունն է, պնդում են ՀԷՑ-ից: «Թեև այդ ժամանակավոր սնուցման մալուխը միայն կառուցապատողի սեփականությունն է, վթարների դեպքում մեր մասնագետները տեխնիկական աջակցություն են տրամադրում, որ խնդիրն արագ լուծվի»,- փոխանցում են ՀԷՑ-ից:

Այս կառույցից նաև նշում են, եթե կապալառուներն աշխատանքները նախատեսված ժամկետում ավարտեն, ապա մի քանի շաբաթվա ընթացքում բնակիչները կդառնան ՀԷՑ-ի բաժանորդ և միանգամյա գումարը մոտ 40 տոկոսով քիչ կլինի՝ ինչպես արդեն բոլորի դեպքում:

Իսկ մինչ այդ ամենը տեղի կունենա, բնակիչները պնդում են՝ շարունակում են վնասներ կրել: Նրանք «Ազատությանն» ասացին՝ կառուցապատողից չեն կարողանում իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ:

Նոր խնդիրներ՝ Կադաստրի կոմիտեի հետ

Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ կառուցապատման ոլորտում են առնվազն 2 տասնամյակ, դեռ ոչ ոք իրենից չի դժգոհել: Իսկ Ադոնցի 2/6-ի այս 6 մասնաշենքից բաղկացած 8 հարկանի համալիրի շինարարությունը ժամանակին են ավարտել: Հետո, սակայն, օրենքով սահմանված կարգով, մեկ անգամ հետաձգել են ավարտին հասցնելու ժամկետները, որ կիսատ աշխատանքներն ավարտեն: Ստեփանյանը պնդեց՝ ավարտական վկայականն արդեն ունեն, շահագործմանը չունեն, բայց հիմա էլ նոր խնդիրներ են ծագել Կադաստրի կոմիտեի հետ:

«Կադաստրի պետական կոմիտեն մերժել է մեր սեփականության իրավունքի գրանցումներն իրականացնել, մինչ օրս լիարժեք պատճառաբանություն չկա, մերժման հիմք չկա, դիմել ենք Պետական վերահսկողական ծառայություն, որպեսզի այս հարցով քննություն անենք», - նշեց Դավիթ Ստեփանյանը:

Ստեփանյանն ասաց՝ դատի են տվել Կադաստրի կոմիտեին, հայցերից մեկով վճռաբեկ դատարանում են, մյուսով՝ վարչականում:

Կադաստրի կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին՝ կասեցրել են Ադոնցի 2/6-ի շենքի սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ փաստաթղթերում անհամապատասխանությունների պատճառով:

Կոմիտեից պնդում են՝ իրենց հիմնական պարտականությունն է պաշտպանել նա՛և բնակարանների սեփականատերերի իրավունքը, որ պետական գրանցում կանեն միայն այն դեպքում, եթե հստակ լինի, թե շենքի որ տարածքներն են բնակիչների ընդհանուր բաժնային սեփականությունն ու որը՝ կառուցապատողին: Օրինակ, ըստ նրանց, պետք է պարզ լինի՝ տեխնիկական հարկերն ո՞ւմ պետք են պատկանելու՝ կառուցապատողի՞ն, թե՞ բնակիչներին։

Կոմիտեից նաև նշում են այդ հարցը կարող է ազդել բնակարանների սեփականատերերի իրավունքների վրա: Պնդում են՝ կառուցապատողին առաջարկել են ներկայացնել լիազոր մարմնի պաշտոնական պարզաբանումը, սակայն դա չեն ստացել:

Ադոնցի 2/6-ի համալիրն արդեն շուրջ 30-40 տոկոսով բնակեցված է, վեց մասնաշենքերում 391 բնակարան կա: Մյուսները սպասում են, խնդիրներն ավարտվեն, որ գան ու ապրեն: Տարակուսած են՝ Հայաստանում չկա՞ մի մարմին, որ սկզբից մինչև վերջ հետևի կառուցապատողների աշխատանքին, հսկի մյուս մարմիններին, որ բնակիչը տուն չգնի ու հայտնվի մի սարդոստայնում, որից ինքնուրույն դուրս գալ չեն կարող:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG