Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվելիս բժշկական ինքնաթիռ է կործանվել, վեց մարդ համարվում է կորած և ենթադրաբար զոհված, հայտնել է թռիչքի օպերատոր Latitude Air Ambulance ընկերությունը։
Ինչպես տեղեկացնում է BBC-ին, կիրակի երեկոյան ԱՄՆ առափնյա պահպանությունը հայտարարել է, որ ավարտում է Մասաչուսեթս նահանգի Նանտաքեթ կղզու ափերի մոտ ողջ մնացածների որոնումները։
«Մենք այժմ պետք է հաշտվենք այն սրտակսկիծ իրողության հետ, որ մեր Latitude թիմի չորս անդամները, մեր բուժառուն և նրան ուղեկցող ընտանիքի անդամը, որոնք գտնվում էին Heartbeat 104 ինքնաթիռում, համարվում են մահացած», - ասվում է Latitude Air Ambulance-ի հայտարարությունում:
Gulfstream G-100 ինքնաթիռի հետ Դաշնային ավիացիոն վարչությունը կապը կորցրել էր շաբաթ առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 01:00-ից (05:00 GMT) անմիջապես հետո: Արդեն շաբաթ երեկոյան իշխանությունները հայտնաբերել էին «բեկորներ», որոնք պատկանում են ինքնաթիռին։
Ինքնաթիռում եղել են չորս կանադացի և Բերմուդյան կղզիների երկու քաղաքացիներ։ «Սա անհավանական կորուստ է մեր Latitude ընտանիքի և բոլոր նրանց համար, ովքեր սիրում են Heartbeat 104 ինքնաթիռում գտնվող վեց անձանց», - հայտարարել է Latitude Air Ambulance-ի նախագահ Պիտեր Բիլը։
«Մեր ուշադրության կենտրոնում այժմ նրանց ընտանիքներին աջակցելն է, մեր ժողովրդին աջակցելը և իշխանություններին օգնելը։ Մենք կպատվենք մեր գործընկերներին՝ հիշելով նրանց ամենօրյա աշխատանքի հանդեպ ցուցաբերած հոգատարությունը, պրոֆեսիոնալիզմը և նվիրվածությունը»,- հավելել է նա։
Latitude Air Ambulance-ը կանադական ընկերություն է, որը բժշկական միջազգային թռիչքներ է իրականացնում տուն վերադարձող հիվանդների համար։
Երկու օդաչու և բժշկական անձնակազմի երկու անդամ, երկուսն էլ կանադացի, ինչպես նաև հիվանդի ազգականը թռել էին Բերմուդյան կղզիներ՝ հիվանդին փոխադրելու համար, Latitude-ից ասել են CBC News-ին:
Ինքնաթիռների թռիչքներին հետևող FlightAware ծառայության համակարգը ցույց է տալիս, որ ինքնաթիռը զգալի բարձրություն է կորցրել՝ մոտ 7300 մետրից կտրուկ իջնելով մինչև 3300 մետր՝ նախքան կապի անջատվելը:
Boston Globe-ը հաղորդում է, որ ըստ ռադիոհաղորդումների՝ օդային երթևեկության կարգավարի և օդաչուի միջև հաղորդակցության խնդիրներ են եղել: