Այս կամ այն բնակավայրերի հետ կապված հարցերը կքննարկվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակում, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Ջեյհուն Բայրամովը նշել է, որ երկու երկրները պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատումն իրականացնել հյուսիսից հարավ՝ սկսելով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից:
«Գոյություն ունի համաձայնություն և փոխըմբռնում, որ աշխատանքները սկսվելու են սահմանի ավելի բարդ հյուսիսային հատվածից [...] և շարժվելու են հյուսիսից հարավ», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Բայրամովը:
«Ինչ վերաբերում է կոնկրետ դետալներին, ապա, անշուշտ, բոլոր հարցերը կքննարկվեն ըստ անհրաժեշտության և համապատասխան ժամանակ, և սպասվում է, որ դրանք նույնպես կլուծվեն», - նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:
Հայաստանն ու Ադրբեջանը դեռ պետք է սահմանազատեն իրենց մոտ 1000 կիլոմետրանոց ընդհանուր սահմանը: Գործընթացը կանգ է առել 2024-ի գարնանը Տավուշում մոտ 12 կիլոմետր սահմանազատելուց հետո, որի ընթացքում հայկական կողմն Ադրբեջանին նաև չորս գյուղ վերադարձրեց: Թե երբ հերթը կհասնի խնդրահարույց կետերին, Ադրբեջանի գրաված հայկական հողերին, ինչպես նաև անկլավներին, առայժմ չի հաղորդվել։
Անկլավների թեման Հայաստանում դարձյալ ակտիվացավ, երբ վարչապետը վերջին շաբաթներին սկսեց Տիգրանաշենն իր խոսքում հիշատակել ադրբեջանական «Քյարքի» անունով: Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ անկլավների հարցով Ադրբեջանի հետ այժմ որևէ քննարկում չկա:
Տե՛ս նաև այստեղ