Իտալիայում՝ Միլանում, այսօր երեկոյան մեկնարկում են ձմեռային Օլիմպիական խաղերը:
Արարողությունը կսկսվի ժամը 23:00-ին:
Նախատեսված են հեղինակավոր արտիստների բեմական ելույթներ: Բացման արարողության թեման կլինի «հարմոնիան»։ Ներկա կլինեն մի շարք երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
Օլիմպիադան կշարունակվի մինչև փետրվարի 22-ը, կմասնակցեն ավելի քան 2900 մարզիկներ 92 ազգային հավաքականներից, ինչպես նաև չեզոք կարգավիճակով մարզիկներ Ռուսաստանից և Բելառուսից:
Հայաստանը 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին հանդես կգա 5 ներկայացուցչով, նրանք են՝ դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, ինչպես նաև Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը օրերս հանդիպել էր գեղասահքի սպորտային զույգին, հետևել մարզումային գործընթացին, ծանոթացել նախապատրաստական փուլին:
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ կմտնեն դահուկավազորդները: Փետրվարի 7-ին դահուկորդ Կատյա Գալստյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), փետրվարի 12-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում: Փետրվարի 8-ին Միքայել Միքայելյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), իսկ փետրվարի 13-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում:
Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին:
Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա փետրվարի 15-ին: Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 16-ին:
Ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերում կխաղարկվի մեդալների 116 հավաքածու: Մրցումները կանցկացվեն 16 մարզաձևերում: