Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հարցեր են քննարկվել այսօր Երևանում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի և Լեհաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի խորհրդական Քշիշտոֆ Կրուլի հանդիպման ժամանակ:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են ՀՀ Զինված ուժերում կատարվող բարեփոխումներին:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով փորձի փոխանակման ծրագրեր մշակելու վերաբերյալ, ասված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության լրատվականի հաղորդագրությունում:
Հայաստանի ու Լեհաստանի պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության հիմքերը դրվել են 2004 թվականից, իսկ այս տարվա փետրվարին երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր է կնքվել։
Մայիսին Լեհաստան է այցելել Հայաստանի պաշտպանության նախարարը, այս ամսվա սկզբին՝ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը: Հայաստանի կառավարությունը նաև որոշել է հունվարից ռազմական կցորդ ունենալ Լեհաստանում։