Մատչելիության հղումներ

Արզաքանցյանը և Ռոտենբերգն այլևս միասին չեն. «Անթույլատրելի է նրանց շփումը»

Տիգրան Արզաքանցյան և Նատալյա Ռոտենբերգ, հուլիս, 2023թ.
Տիգրան Արզաքանցյան և Նատալյա Ռոտենբերգ, հուլիս, 2023թ.

Այս տարի Վարդավառը միասին չի տոնի Արզաքանցյան-Ռոտենբերգ զույգը: «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ, գործարար Տիգրան Արզաքանցյանը Նատալյա Ռոտենբերգին մոտենալ անգամ չի կարող:

«Տիգրան Արզաքանցյանը չի կարող մոտենալ անձամբ Նատալյա Սերգեևնային՝ ոչ անձամբ և ոչ էլ միջնորդավորված: Անթույլատրելի է նրանց շփումը, ընդ որում՝ այդ որոշման կատարման համար տիկին Նատալյա Սերգեևնային արդեն կցվել են հատուկ անձինք, որոնք 24 և 7 ռեժիմով իրականացնում են իր պաշտպանությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նատալյա Ռոտենբերգի փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը:

Սոցցանցային հարթակներում պարբերաբար սեր, հավատարմություն ու հանրային գործերում էլ լիովին ներդաշնակություն ցուցադրող ամուսինները դատական պրոցեսում են: Հունիսի 8-ին Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել. խանդոտ ամուսինը ֆիզիկական բռնություն է գործադրել իր նկատմամբ:

«Հունիսի 8-ին ժամը 20-ի սահմաններում հենց տիկին Նատալյա Սերգեևնայի բնակության վայրից զանգը եղել է՝ կապված իր ամուսին Տիգրան Միշայի Արզաքանցյանի կողմից խանդի հողի վրա կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրվել Նատալյա Սերգեևնայի նկատմամբ», - փոխանցեց փաստաբանը:

Հասմիկ Մարտիրոսյանն այլ մանրամասներ չասաց՝ միայն այն, որ քրեական գործ է հարուցվել երկու՝ բռնության ու ազատությունից ապօրինի զրկելու հոդվածներով:

«Ծեծ է, տեղաշարժի սահմանափակում է, ֆիզիկական կամ հոգեբանական ցավ և այլն՝ եկեք ճիշտ կլինի թողնենք նախաքննության մարմնի գործողությունների շարքում է, թե ինչ որակում կստանա», - նշեց փաստաբանը:

Զույգը երեք տարի առաջ ծանոթության 5-ամյակն էր նշում՝ երկնակամարում ոչ մի ամպ չկար:

Ռոտենբերգի թիմին նույնիսկ հարցն է վիրավորում՝ արդյո՞ք ամուսնու կողմից բռնությունը պարբերաբար է եղել. մի՞թե նա թույլ կտար, մի՞թե կհանդուրժեր, սա առաջին դեպքն էր:

«Որևէ կին չպետք է ենթարկվի որևէ բռնության՝ լինի հոգեբանական, լինի ֆիզիկական: Կան կանայք, որոնք դա հանդուրժում են երբեմն, լինում է՝ տևական, բայց տիկին Նատալյա Սերգեևնան, վստահ ասում եմ, այդ կինը չի», - ընդգծեց Հասմիկ Մարտիրոսյանը:

Տիգրան Արզաքանցյանի հետ կապ հաստատել «Ազատություն»-ը չկարողացավ, ասացին՝ Հայաստանում չէ:

Նա ենթադրաբար Իբիցայից խոսնակի միջոցով փոխանցեց՝ մեղադրանքին դեռ չի ծանոթացել, տիկին Նատալյայի նկատմամբ ֆիզիկական բռնություն չի գործադրել, նրա ազատ տեղաշարժը չի սահմանափակել:

Քրեական այս պատմությունը նախաքննության փուլում է, Ռոտենբերգի փաստաբանը տեղեկացրեց՝ քննչական գործողություններ էլ դեռ չեն եղել:

Վերջին ամիսներին զույգը համատեղ տեսանյութեր չի տարածում, բայց ակտիվ են երկուսն էլ՝ առանձին-առանձին: Արզաքանցյանը՝ ժողովրդի ճակատագրի թեմայով. - «Իսկապես, ես պետականամետ մարդ եմ, պետության մասին շատ եմ մտածում»:

Նատալյա Ռոտենբերգը խոհափիլիսոփայակաան, կանացի ներհայեցման պրոցեսի մեջ է, ավելորդներին դուրս նետելու, սեփական իրականությունն ստեղծելու ու ինքնավստահ առաջ շարժվելու մտքերով է. - «Երբ հասկանում ես, որ հանուն նրա քո չափորոշիչներն իջեցրել ես, իսկ նա դրանց էլ չի ձգում»:

Նատալյա Ռոտենբերգը Հայաստանում ակտիվ հանրային ու երբեմն նաև քաղաքական կյանքով է ապրում: Նա Գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիան է ղեկավարում, բարեգործական ծրագրեր է իրականացնում, իսկ երեք տարի առաջ քաղաքապետի թեկնածու էր` ամուսնու ղեկավարած ուժի առաջարկով: Սրանից էլ առաջ ամուսնու կողքին էր, երբ Արզաքանցյանը Դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու էր:

Վարչապետի թեկնածուն վարչապետ չդարձավ, քաղաքապետի թեկնածուն՝ քաղաքապետ, բայց քաղաքական հորձանքները տուն չքանդեցին:

Նատալյա Ռոտենբերգը ազգանունը և, ըստ մամուլի հրապարակումների, եվրոպական մի քանի դղյակներ ժառանգել է նախկին ամուսնուց՝ ռուս միլիարդատեր Արկադի Ռոտենբերգից: Արզաքանցյանն էլ թե՛ այստեղ ու թե՛ արտերկրում բիզնեսներ ունի:

Ռոտենբերգի փաստաբանը տեղեկացրեց՝ Գեղարքունիքի Գավառ հարս եկած Նատալյա Սերգեևնան Հայաստանից հեռանալու մտադրություն չունի, հայերենն էլ, ի դեպ, բարելավում է օր-օրի, արդեն տրամադրությանը համահունչ պոեզիա է ընտրում. - «Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է, հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ... »:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG