Մատչելիության հղումներ

Արմավիրի մարզի Պտղունք գյուղում դպրոցի շենքն անմխիթար վիճակում է


Գյուղի դպրոցահասակ երեխաները այս տարի նույնպես դասերը կանցկացնեն 4-րդ կարգի վթարային դպրոցում։

Թեև շինության ներսում գտնվելը խիստ վտանգավոր է, սակայն այստեղ ուսում է ստանում 116 երեխա։ 1946-ին կառուցված դպրոցի շենքը երբեք չի նորոգվել և նման ամխիթար վիճակում է հայտնվել 90-ականներից հետո։

Երբ դպրոցում հարցնում ենք, ի՞նչ ունեք որակյալ կրթություն ապահովելու համար, պատասխանում են՝ միայն մասնագետներ, ուրիշ ոչինչ։

«Դպրոցի պայմանները վատ են, ֆիզիկապես մաշված: Կաթում է դպրոցը, երբեմն անցանկալի հյուրեր՝ առնետներ են գալիս դպրոց», - «Ազատության» հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Սիլվա Մկրտումյանը:

Ցուրտն ու անձրևը դպրոցի թշնամիներն են։ Աշակերտներն արդեն տաք հագուստով են դասի նստում։ Ջուր չկա, ջեռուցում չկա, պատուհաններից փչում է, հատակը ճոճվում է։

Տեղումներից նեխել ու քանդվել է նաև փայտե առաստաղը։ Դպրոցում ասում են՝ երբ անձրև է լինում, իսկական հեղեղ է սկսվում․ այն թափվում է ներս, լցվում աշակերտների ու ուսուցիչների գլխին, լվանում նաև պատին ամրացված նախագահի նկարը։

Դպրոցի նոր շենք կառուցելու խոստումներ այստեղ լսում են ամեն տարի, բայց սայլը տեղից շարժվելը չեն տեսնում։ 45 տարի կրթօջախում աշխատող տնօրենի խոսքով՝ անցած տարի արդեն կազմվել էր նախահաշիվ, պետք է սկսվեր շինարարությունը, բայց ամեն ինչ կանգ առավ, երբ Արմավիրի մարզպետը որոշեց, որ գյուղին ոչ թե 100, այլ 250 հոգու համար նախատեսված դպրոց է պետք։ Իրենք ևս համաձայն են մարզպետի հետ։ Հիմա Պտղունքի հարյուրից ավելի աշակերտներ ստիպված հաճախում են Մուսալեռի ու Էջմիածնի դպրոցները:

«Բազմաթիվ անգամ հարց է բարձրացվել, և վերադաս մարմինները միշտ ասել են, որ պիտի կառուցվի: Բայց այս տարի օգոստոսին մարզպետը և վարչության պետը հավաստիացրեն, որ անպայման այս տարի Պտղունք համայնքում կառուցվելու է դպրոցական նոր շենք», - փոխանցեց տնօրենը:

Այն, որ գյուղի դպրոցի հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է, ուսուցչական կոլեկտիվին վերջերս վստահեցրել է նաև Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը։ Բայց միևնույն է՝ խոստումներին այստեղ այլևս չեն հավատում։

Դպրոցի փոխտնօրեն Վարդիթեր Մաթևոսյանի խոսքով՝ ինչպես հավատան, եթե ձմռանը ձեռնոցով ու գլխարկով են դաս անում, աշակերտների կեսը միշտ հիվանդ է, իսկ անկոչ հյուրերն անպակաս են․ - «Ֆիզկուլտուրայի ժամին երեխան պայուսակը բացել էր, որ վերցնի հագուստը, և պայուսակից առնետ էր դուրս եկել․․․»

Եթե առաջիկայում նոր դպրոցի շենք չկառուցվի, ծնողները սպառնում են դիմել ծայրահեղ քայլերի, պատրաստ են անգամ մայրուղի փակել: Շատ ընտանիքերում արդեն 3-րդ սերունդն է այս դպրոց հաճախում։

Ծնողներից մեկը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Էս պայմանները նայելով, սկի մենք չենք ուզում մեր երեխաներին բերենք: Ես էլ եմ ստեղ սովորել, վերջացրել եմ: Էն ժամանակվանից մինչև հիմա պիտի կառուցվի դպրոցը»:

Դպրոցից դուրս էլ տեսնելու ու ցուցադրելու բան կա․ խոսքը սանհանգույցի մասին է, որը կառուցվել է համատեղ ուժերով՝ շենքից մի քանի մետր հեռավորությամբ։

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ դպրոցի նոր շենք կառուցելու համար կպահանջվի մոտ 350 միլիոն դրամ՝ հավելելով, թե այժմ ընթացքի մեջ են նախագծային-նախահաշվային աշխատանքները, և հաջորդ տարի, ըստ կանխատեսման, կսկսվի շինարարությունը:

Հարցին, թե արդյոք վտանգավոր չէ, որ աշակերտները դասերն անցկացնում են 4-րդ կարգի վթարային կառույցում, մարզպետն արձագանքեց․ - «Մենք Պտղունք համայնքում ուրիշ շենք չունենք, որ տեղափոխենք այդ դպրոցը այլ տեղ: Եվ, փառք Աստծո, շենքի անվտանգության հետ կապված, մշտապես մեր ուշադրության կենտրոնում ա, որ հանկարծ որևէ խնդիր չառաջանա»:

Ու մինչ մարզպետը վստահեցնում է, որ շենքի վթարայնության հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, անցած տարի, ըստ տնօրենի, քանդվել էր դեպի դպրոցի մարզադաշտ տանող ճանապարհի քարե կամարը։ Բարեբախտաբար դեպքը տեղի էր ունեցել աշակերտների անցնելուց մի քանի վայրկյան հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG