Մատչելիության հղումներ

«Ելքը» որոշեց հետաձգել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկումը


Ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը որոշեց հետաձգել Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկումը:

Գործը քվեարկության չհասավ․ Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքի համաձայն հարցի քննարկումը կարող է հետաձգվել՝ նախագիծը լրամշակելու նպատակով: Հարցն այսօր քննարկվում էր Պետաիրավական հարցերի հանձնաժողովում: «Ելք»-ի նախագիծը փոփոխելու առաջարկներ հիմնականում հանրապետական պատգամավորներն էին անում։

Հիմնական զեկուցող, «Ելք»-ից Արտակ Զեյնալյանը չհստակեցրեց՝ ինչքան ժամանակով են հարցի քննարկումը հետաձգում, փոխարենը հայտարարեց․- «Մենք պիտի այս առաջարկությունները խմբակցությունում քննարկենք, առաջարկությունների վերաբերյալ ներկայացնենք մեր դիրքորոշումը նախագծի խմբագրված տարբերակի տեսքով»:

ԱԺ նոր կանոնակարգ օրենքով էթիկայի հանձնաժողովը ստեղծվում է իբրև ժամանակավոր՝ կոնկրետ դեպքի անդրադառնալու համար: «Ելքը» որոշել է Էթիկայի հանձնաժողովի քննարկման հարց դարձնել հոկտեմբերի սկզբին Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած միջադեպը: Փաշինանը պնդում է, որ Հանրապետական պատգամավոր Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա, «Ելքի» պատգամավորների փոխանցմամբ՝ նաև հարվածել: Գեղամյանը հերքում է, թե նման միջադեպ եղել է: Հանձնաժողովն, ըստ «Ելքի», պետք է լսի միջադեպի կողմերին ու վկաներին, հնարավոր է՝ նաև առերեսում կազմակերպի: Արտաշես Գեղամյանը չէր հրավիրվել հանձնաժողովի այսօրվա նիստին, իսկ Նիկոլ Փաշինյանը որոշել էր ներկա լինել:

«Ծառուկյան» դաշինքից Գևորգ Պետրոսյանը «Ելքին» կոչ արեց հրաժարվել հանձնաժողով ստեղծելու գաղափարից, ասաց՝ հասարակությունն արդեն տվել է իր գնահատականը: Բացի այդ ապացույցներն են սակավ, անգամ տեսանկարահանում չկա: Հանձնաժողովը, Պետրոսյանի կարծիքով, ինչ դիրքորոշում էլ հայտնի՝ սուբյեկտիվ կընկալվի: - «Ոչ մի իրեղեն ապացույց չկա, և մենք «ենթադրյալ» չենք կարող մարդուն մեղադրել: Հիմա այստեղ որ պահանջվում է փորձաքննություն, ինչի՞ փորձաքննություն պիտի պահանջվի», - հարց բարձրացրեց պատգամավորը:

Հանրապետականները հանձնաժողով ստեղծելու «Ելքի» առաջարկի վերաբերյալ կոնկրետ դիրքորոշում չհայտնեցին, բայց մի շարք առաջարկություններ արեցին՝ նաև ժամանակավոր հանձնաժողովի անդամների թվին, գործունեության ժամկետներին վերաբերող:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի Հանրապետական նախագահ Հրայր Թովմասյանն էլ առաջարկեց էթիկայի հանձնաժողովի նախագծի վերնագրում և՛ Արտաշես Գեղամյանի, և՛ Նիկոլ Փաշինյանի անունները ներառել, որպեսզի նախագիծն առաջարկի քննել նրանց մասնակցությամբ միջադեպն ու եզրակացություն տալ․ - «Իսկ եթե հանձնաժողովում պարզվի, որ մեկ այլն էլ է ինչ-որ բան արել․․․ չգիտեմ․․․ այսինքն՝ մի հանձնաժողովի ձևավորում, որը կփորձի այս ամբողջին պատասխան տալ»:

Խոսեց նաև Նիկոլ Փաշինյանը, ասաց՝ իրենց խմբակցությանն անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպե՞ս են շարունակելու իրենց աշխատանքը: - «Եթե միջանցքներում և նիստերի դահլիճում պետք է «դուբինկեքով» գալ և համապատասխան միջոցներով, մենք կգանք, մենք պրոբլեմ չունենք», - հայտարարեց պատգամավորը: Ապա հարկ համարեց անդրադառնալ պատգամավորների հնչեցրած առաջարկություններին․- «Դուք էլ դրեք վերնագիր՝ «Ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից իր կոշիկները Արտաշես Գեղամյանով մաքրելու կապակցությամբ»: Ստեղծեք հանձնաժողով, ո՞վ է դեմ: Ես էլ խոստանում եմ՝ կողմ կքվեարկեմ: Այս ի՞նչ բանի եք վերածել՝ վերնագիրը, տառը, թվաքանակը․․․»:

Հրայր Թովմասյանը անարձագանք չթողեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները․- «Ուրեմն լսեք՝ ով ուզում է ասի, ոնց ուզում է ասի՝ ոչ մեկը չի կարող ասել, որ այս հանձնաժողովում մարդը կարող է առաջարկություն ներկայացնել: Ուզում է՝ ինչ-որ մեկի դուրը գա, թե ինչ-որ մեկի դուրը չգա, դրանից ելնող ելույթ ունենա, կամ չունենա: Դա պատգամավորի իրավունքն է՝ առաջարկություն անել և առաջարկություն ինչպիսին կանեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG