Մատչելիության հղումներ

Գյումրիում ցանկանում են արձանաշար տեղադրել, ավագանու ընդդիմությունը դեմ է՝ «ավելի կարևոր հարցեր կան»


Գյումրիի քաղաքապետարանի շենքը, արխիվ
Գյումրիի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է հովանավորել Գյումրիի փողոցներից մեկում 12 հայտնի գործիչների արձանների տեղադրման նախաձեռնությունը: Ամերիկահայ բարերար Քըրք Քրքորյանի անվան փողոցում արձանների տեղադրման հարցն այսօր բավական թեժ քննարկում հարուցեց քաղաքի ավագանու նիստում։

Թե հատկապես որ գործիչների արձաններն են տեղադրվելու 200 մետր երկարությամբ փողոցի նստարանների վրա, պարզ կդառնա միայն հանրային քննարկումներից հետո: Իսկ թե որքան կկազմի նախագահի կողմից տրվելիք գումարը, դա էլ հայտնի կլինի նախահաշիվը կազմելուց և մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ասաց՝ իր համար անհասկանալի է արձանների նկատմամբ այդքան մեծ հետաքրքրությունն ու իրարանցումը: «Ես եմ անձամբ խնդրել երկրի ղեկավարից, իմ առաջարկությունն է, և հանրապետության նախագահն ընդառաջ գնաց, ասաց՝ ես կֆինանսավորեմ: Էնպես որ՝ մենք բյուջեից լումա չենք ծախսելու»,- ասաց քաղաքապետը:

Ավագանու ԳԱԼԱ խմբակցության անդամ Քրիստինե Մկրտչյանը, մատնանշելով Գյումրիում առկա բազմաթիվ սոցիալական խնդիրները, հարցրեց՝ մի՞թե քաղաքապետը հենց այդ հարցերը չի բարձրաձայնել նախագահի մոտ, որպեսզի առաջին հերթին դրանք լուծում ստանան: «Պարոն Բալասանյանն ասում է՝ խնդրել եմ, համաձայնել է, խնդրեիք՝ միանգամից անօթևանության խնդիրը միանգամից լուծվեր, ավելի լավ կլիներ:

Այս հարցն իմ կարծիքով նաև քաղաքական բաղադրիչ ունի․ Սերժ Սարգսյանը հակում ունի՝ ցույց տալու Սփյուռքին, աշխարհին, որ անօթևանություն այլևս չկա, Գյուրմրին սոցիալապես արդեն ապահովված է, Շիրակի մարզում չկա 45 տոկոս աղքատություն: Գյումրեցու բարբառով ասեմ՝ բոլոր պարերը պարել է, մնացել է մենակ արձանների պարերը»,- ասաց Քրիստինե Մկրտչյանը:

Այսօրվա նիստում ներկայացվեց նաև բանաստեղծ Ավետիք Իսահակյանի արձանի էսքիզը: Սամվել Բալասանյանը նկատեց՝ նստարաններին նստած հայտնի մարդկանց արձաններով փողոցներ կան, օրինակ, Բրյուսելում, նույնիսկ Երևանում, ինչո՞ւ Գյումրին էլ չունենա: «Գյումրեցին կգա, կնստի մեծերի հետ, իր դարդ ու ցավով կկիսվի»,- ասաց քաղաքապետը:

ԳԱԼԱ խմբակցության անդամ Լևոն Բարսեղյանը հակադարձեց՝ քաղաքի կենտրոնն «արձանախեղդ է դառնում»: «Բազմաթիվ թաղամասեր ունենք, որտեղ պատշաճ ժամանցի վայրը դեռ երազանք է, մարդիկ ժամանցի համար անընդհատ գալիս են քաղաքի կենտրոն: Առաջարկում եմ՝ մտածել քաղաքի մշակութային ապակենտրոնացման մասին»,- ասաց Բարսեղյանը:

Հարցի քննարկմանը զուգահեռ՝ «Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի» երիտասարդները պաստառ պարզեցին, ազդարարելով՝ դեմ են արձանախեղդ Գյումրիին: «Դա չափազանց շատ է մեկ փողոցի համար», «էն գումարները, որ ծախսում են արձանների տեղադրման համար, կարելի է ավելի արդյունավետ ծախսել, քաղաքը բարեկարգել»,- ասացին երիտասարդները:

Թեև արձանների հետ կապված քննարկումները դեռ շարունակվելու են, սակայն, քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսքով, երեք գործիչների՝ Հովհաննես Շիրազի, Մհեր Մկրտչյանի և Ավետիք Իսահակյանի արձանների տեղադրման հարցը քննարկման ենթակա չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG