Մատչելիության հղումներ

Գյումրիում բավական աշխուժացել են ՏՏ ոլորտի ձեռնարկությունները


Վերջին տարիներին Գյումրիում նկատելիորեն ավելացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների թիվը: Երեք տարի առաջ Գյումրիում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ բացված տեխնոլոգիական կենտրոնում արդեն միջազգային 25 կառույցների մասնաճյուղեր են գործում: Այս պահին կենտրոնի տարբեր ծրագրերում շուրջ 500 երիտասարդներ են ներգրավված:

Կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանի խոսքով՝ վերջին տարիներին ոլորտի նկատմամբ հետաքրքրությունն աճում է, ինչի շնորհիվ համեմատաբար բարձր վարձատրվող մասնագետներն այլևս չեն մեկնում մայրաքաղաք: Անգամ մասնագետների ներհոսք է նկատվում, գալիս են ու Գյումրիում իրենց բիզնեսն են հիմնադրում։ «Այն երիտասարդները, ովքեր ուզում են թողնել Գյումրին և ապրել Երևանում, միևնույն է՝ թողնում գնում են, այստեղ արդեն աշխատանք լինելու-չլինելու հարցը չէ: Այս պահին Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի գրեթե բոլոր ընկերություններում առկա են թափուր աշխատատեղեր, անգամ միմյանցից մասնագետներ են խլում: Ամենակարևորը, որի մասին չէինք էլ երազում, դա մասնագետների ներգաղթն է»,- «Ազատությանն» ասաց Ամալյա Եղոյանը:

Այդուհանդերձ, մարզերում, ի համեմատ մայրաքաղաքի, ՏՏ ոլորտի աշխատողների աշխատավարձերի զգալի տարբերություն կա: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանին հարց ուղղեցինք՝ ժամանակը չէ՞, որ վերացվի տարբերակված մոտեցումը՝ մարզերից ուղեղների արտահոսքը կանխելու համար: «Իրականում ուղեղների մեծ արտահոսք չկա: Երևան գնում են միայն որակական այլ աստիճանի հասնելու համար: Նույնը՝ Երևանից դեպի «Սիլիկոնյան հովիտ»: Հիմա մենք պետք է կարողանանք գնացածներին հետ բերել, գայթակղել, որպեսզի հետ գան, այսինքն՝ ուղեղների արտահոսքից անցնենք ուղեղների ներհոսքի»,- պատասխանեց Ենգիբարյանը:

Գյումրիում ի սկզբանե նախատեսված էր ոչ թե տեխնոլոգիական կենտրոն հիմնել, այլ քաղաքը վերածել տեխնոպարկի, որը ներդրողների համար բիզնես հիմնելու հրապուրիչ միջավայր պետք է դառնար։ Տարիներ շարունակ Գյումրիում այդ գաղափարի շուրջ օտարերկրյա փորձագետների մասնակցությամբ հանդիպումներ ու քննարկումներ կազմակերպվեցին, սակայն տեխնոպարկի փոխարեն միայն տեխնոլոգիական կենտրոն ստեղծվեց:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանից հետարքրքվեցինք՝ ի վերջո տեխնոպարկի գաղափարն իրագործվելու՞ է, թե ոչ: «Եղել է բառերի շահարկում, Գյումրիում հենց սկզբից որոշված է եղել հենց սա [կենտրոնը] սարքել: Այն տեխնոպարկ չկոչեցինք, որովհետև այդ բառն ադեն օգտոգործվում էր այլ կազմակերպությունների կողմից: Կարծում եմ, որ ապագայում քաղաքի հարևանությամբ ստեղծվելիք ավելի մեծ ինդուստրիալ տեխնոպարկի մասին կարելի է խոսել»,- ասաց հիմնադրամի տնօրենը:

Բագրատ Ենգիբարյանը հավելեց՝ մի քանի միջազգային կազմակերպություններ այժմ տարածք են փնտրում, որպեսզի իրենց մասնաճյուղերի համար առանձին շենքեր կառուցեն հենց Գյումրիում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG