Մատչելիության հղումներ

Ռուս-ամերիկյան դիվանագիտական հակամարտությունը շարունակվում է


Ռուս-ամերիկյան դիվանագիտական հակամարտությունը շարունակվում է. Միացյալ Նահանգները պահանջել է, որպեսզի Ռուսաստանը մինչև սեպտեմբերի 2-ը փակի իր հյուպատոսարանը Սան Ֆրանցիսկոյում, ինչպես նաև երկու կցակառույցները Վաշինգտոնում և Նյու Յորքում:

Միևնույն ժամանակ Վաշինգտոնը չի պահանջում, որ Ռուսաստանը կրճատի դիվանագետների թիվը Միացյալ Նահանգներում։ Պետդեպարտամենտում պարզաբանել են, որ այս նոր պահանջը Ռուսաստանում աշխատող ամերիկացի դիվանագետների կրճատման մասին որոշման պատասխանն է։ Վաշինգտոնն իր այս պահանջը հնչեցրել է ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպան Անատոլի Անտոնովի՝ Վաշինգտոն ժամանելուց մի քանի ժամ առաջ։

Մեկնաբանելով վաշինգտոնյան այս նոր պահանջը՝ Անտոնովը «Նովոստիին» ասել է. - «Լենինյան խոսքերով ասած՝ մեզ հարկավոր չեն հիստերիկ պոռթկումներ, մենք պետք է փորձենք հանգիստ և արհեստավարժ»։

Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե Վաշինգտոնը դեռ չի ներկայացրել Ռուսաստանում աշխատող ամերիկացի դիվանագետների ստույգ թիվը, իսկ ավելի վաղ «Դոժդ» հեռուստաընկերության եթերում Զախարովան նաև հայտարարել էր, թե Մոսկվան չի պահանջել կրճատել ամերիկացի դիվանագետների թիվը։

Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգները օգոստոսի 23-ին ժամանակավորապես դադարեցրել էր վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին՝ ամերիկացի դիվանագետների թիվը կրճատելու՝ Կրեմլի որոշման ի պատասխան։

Այսօրվանից ռուսաստանցիները դարձյալ ամերիկյան վիզաներ ստանալու հնարավորություն ունեն, բայց միայն Մոսկվայում, մինչդեռ նախկինում ռուսաստանցիներին վիզաներ էին տրամադրում նաև Ռուսաստանի մի քանի այլ քաղաքներում գործող ամերիկյան հյուպատոսություններում։

Հավելենք, որ Հայաստանում և Վրաստանում ԱՄՆ դեսպանությունները հայտարարել են, որ պատրաստ են վիզաներ տրամադրել նաև Ռուսաստանի քաղաքացիներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG