Մատչելիության հղումներ

Էրդողան. «Թուրքիան և ԱՄՆ-ն երկկողմ հարաբերությունների նոր դարաշրջանի շեմին են»


Ռեջեփ Էրդողան և Դոնալդ Թրամփ, Վաշինգտոն, Սպիտակ տուն, 16-ը մայիսի, 2017 թ․
Ռեջեփ Էրդողան և Դոնալդ Թրամփ, Վաշինգտոն, Սպիտակ տուն, 16-ը մայիսի, 2017 թ․

Ամերիկյան մամուլի գնահատմամբ, չնայած բանակցությունների ընթացքում տիրող ջերմ մթնոլորտին, երկու նախագահներն առանցքային մի շարք հարցերում չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ:

Չնայած առկա տարաձայնություններին` Անկարան և Վաշինգտոնը երկկողմ հարաբերություններում նոր փուլի մեկնարկ են ազդարարում: Այս մասին երեկ երեկոյան Սպիտակ Տանը կայացած համատեղ մամլո ասուլիսին հայտարարեցին Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահները: Այն, որ երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների շուրջ քննարկումը դյուրին չի լինելու, Դոնալդ Թրամփը խոստովանում էր դեռ մինչև բանակցությունների մեկնարկը:

«Մենք երկարատև և լարված քննարկում ենք ունենալու: Դրա հետ մեկտեղ, ես վստահ են, որ այն հաջողված կլինի: Մենք հիանալի հարաբերություններ ունենք և պատրաստվում ենք էլ ավելի խորացնել դրանք»,- մինչ հանդիպումը հայտարարել էր Միացյալ Նահանգների նախագահը:

CNN հեռուստաընկերության տեղեկություններով, Թրամփի և Էրդողանի բանակցությունները հիմնականում կենտրոնացել են երեք օրակագային խնդիրների շուրջ: Դրանք են՝ 2016-ի հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձի կազմակերպման մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնումը, Մոսկվայի ևԱնկարայի խորացող համագործակցությունը Սիրիայում, ինչպես նաև պաշտոնական Վաշինգտոնի` սիրիացի քրդերին զինելու մտադրությունը:

Անդրադառնալով վերջին խնդրին, Թուրքիայի նախագահը հայտարարել է․ «Սիրիայում գործող քրդական ահաբեկչական կառույցների` «Ժողովրդական պաշտպանության ուժերի» և «Դեմոկրատական միություն» կուսակցության հետ հաշվի նստելը, դրանց ներգրավումը տարածաշրջանային զարգացումներում, անընդունելի է: Ավելին՝ դա մեր գլոբալ պայմանավորվածությունների խախտում է»:

Առնվազն մեկ հարցում Էրդողանին երեկ հաջողվել է լուրջ հաջողության հասնել: Պաշտոնական Վաշինգտոնն առաջիկայում ձեռնամուխ կլինի Թուրքիային սպառազինություն տրամադրելու գործին: «Թուրքիան և այդ երկրի նախագահը մեզ են դիմել սպառազինության մատակարարման խնդրանքով: Մենք վստահ ենք, որ այդ սպառազինությունն արագորեն տեղ կհասնի», -հայտարարել է Թրամփը, հավելելով, որ Սպիտակ Տունը շարունակում է աջակցել Անկարային` «ահաբեկչների դեմ պայքարում»:

«Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Թուրքիային` Քրդական աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետության» դեմ պայքարում: Մենք պետք է վստահ լինենք, որ ահաբեկչական այդ խմբերը զուրկ են անվտանգ ապաստանի հնարավորությունից»,- նաև ասել է Դոնալդ Թրամփը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլլահ Գյուլենի ճակատագրին, ապա, նրա արտահանձնման հետ կապված, ըստ Ռեջեպ Թայիփ Էրդողանի, այսօր լուրջ ակնկալիքներ կան: «Ինչպես նախկինում, այսօր ևս ես նախագահ Թրամփին եմ փոխանցել Ֆեթուլլահ Գյուլենի կողմից ղեկավարվող ահաբեկչական կառույցի վերաբերյալ մեր ակնկալիքները: Մենք մեր ամերիկացի բարեկամներին ենք փոխանցել այն տեղեկատվությունը, որի համաձայն, հենց այդ կառույցն էր գտնվում հուլիսի 15-ի տապալված հեղաշրջման թիկունքում»,- հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահն, ի դեպ, հույս ունի, որ Թրամփի օրոք Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները զգալիորեն կտարբերվեն Օբամայի կառավարման տարիներին երկկողմ հարաբերություններում ձևավորված մթնոլորտից: «Մենք մեր հարաբերություններում նոր դարաշրջանի ձևավորման շեմին ենք գտնվում: Ես հուսով եմ և անգամ աղոթում եմ, որ ամերիկյան այս նոր վարչակազմը Թուրքիայի հետ հարաբերություններում ի վիճակի կլինի բարենպաստ արդյունքներ արձանագրել»,-նշել է Թուրքիայի ղեկավարը:

Երեկ կայացած բանակցությունների գլխավոր առանձնահատկություններից մեկն, ի դեպ, Թրամփի և Էրդողանի կողմից հնչեցված փոխադարձ հաճոյախոսսությունների առատությունն էր: Թրամփը հայտարարում էր, որ երկու երկրներին ու ժողովուրդներին տասնամյակների սերտ կապերն են միավորում: Էրդողանն էլ, ամերիկյան ընտրություններից շուրջ կես տարի անց, Թրամփին ևս մեկ անգամ շնորհավորել է նախագահ ընտրվելու առթիվ: Ամերիկյան մամուլի գնահատմամբ, սակայն, բանակցությունների ընթացքում տիրող մթնոլորտին հակառակ, երկու նախագահներն առանցքային մի շարք հարցերում չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ:

«Չնայած հաճոյախոսություններին, Թրամփի և Թուրքիայի նախագահի հանդիպման ընթացքում պարզ դրաձավ, որ ահաբեկչության դեմ պայքարի հարցում տարաձայնությունները պահպանվում են»,- այսօր գրել է USA Today օրաթերթը: ABC-ի պնդմամբ էլ՝ «Որևէ ազդակ, թե Միացյալ Նահանգները կարող են հրաժարվել սիրիացի քրդերին ցուցաբերվող աջակցությունից, այս պահին չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG