Մատչելիության հղումներ

ԱԱԾ տնօրենը, որդեկորույս ծնողների պնդմամբ, մի քանի ամիս է՝ ժամանակ չի գտել ընդունելու իրենց

Ավելի քան 9 ամիս առաջ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը ստանձնած Անդրանիկ Սիմոնյանը մինչ այս պահը ժամանակ չի գտել ընդունելու 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրենց որդիներին կորցրած ծնողներին, որոնք ընդամենը մեկ պահանջ ունեն՝ արտաշիրիմում անել ու իրենց զավակների աճյունները Հայաստան բերել՝ այստեղ վերահուղարկավորելու համար:

«Հուղարկավորությունը կազմակերպել ենք Մարտունի քաղաքի գերեզմանոցում մի կերպ: 23 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև առ այսօր դիմել ենք Հայաստանում տարբեր կառույցների ու մինչև առ այսօր՝ 2 տարի 6 ամիս է՝ մեր հարցին ոչ մեկն էլ լուծում չի տալիս», - ասաց
Անժելա Արզումանյանը, որը որդուն՝ Վաչագան Դադալյանին, կորցրեց ռազմական գործողությունների առաջին օրը՝ սեպտեմբերի 19-ին:

Արցախում թողնելով տղայի գերեզմանը՝ ստիպված բռնել են գաղթի ճամփան. «Նորից ենք դիմում, բարձրաձայնեն մեր հարցը: Խաղաղություն է, խաղաղության պայմաններում բոլոր հումանիտար հարցերը լուծվում են, գոնե այս դեպքում մեր երեխաների շիրիմները կարողանան տեղափոխել Հայաստանի Հանրապետություն՝ «Եռաբլուրում» քրիստոնյային վայել հուղարկավորելու համար»:

Տիկին Արզումանյանի նման նույն պահանջն ավելի քան 60 ընտանիքներ ունեն: Ծնողները պետական ու միջազգային կառույցների դռները թակում են արդեն երկուսուկես տարի: Ազգային անվտանգության ծառայությունից պատասխանում են, որ Երևանը հարցը քննարկում է Ադրբեջանի անհայտ կորածների հանձնաժողովի հետ:

Որդեկորույս ծնողները ցանկանում են հանդիպել հումանիտար հարցերով հայկական հանձնաժողովը ղեկավարող ԱԱԾ տնօրենի հետ: Կառույցից ստացած գրությամբ, մինչդեռ, հայտնել են, թե Անդրանիկ Սիմոնյանը ժամանակ չունի նրանց ընդունելու: Երեկ նրանք դարձյալ ԱԱԾ շենքի մոտ էին՝ հանդիպման խնդրանքով ևս մեկ նամակ հանձնելու համար:

«Անդրանիկ Սիմոնյանը ժամանակ չունեցավ ընդունելություն կազմակերպելու, ու մինչև առ այսօր էլ չնայած նամակներում դիմել ենք, որ անհապաղ հանդիպում ենք պահանջում, խնդրում ենք», - ասաց Արզումանյանը:

Ծնողները վերջին անգամ հանդիպել են ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանի հետ, անցած ամռանը նա իրենց հույս է տվել, սակայն Աբազյանը հունիսին ազատվեց պաշտոնից:

«Պարոն Աբազյանի օրոք շատ եմ հանդիպումներին մասնակցել, միշտ պարոն Աբազյանը մեզ ընդունել է, ժամանակ է գտել մեզ ընդունել, սիրալիր վերաբերվել ծնողների հետ: Վերջին հանդիպման ժամանակ երեք հոգով էինք, որ խնդրեցի, պարոն Աբազյանն ասաց՝ ինձ մի խնդրեք, դուք պետք է մեզանից պահանջեք ձեր որդիներին տեղափոխելու համար, ձեզ վստահեցնում եմ, որ հնարավոր է այդ հարցին լուծում տրվի», - պատմեց կինը:

Հայաստանի ու Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչները վերջին անգամ հանդիպել են անցած տարվա հունիսին՝ Արմեն Աբազյանի պաշտոնանկությունից երկու շաբաթ առաջ: Մինչ այդ էլ կողմերը հանդիպել էին անցած փետրվարին՝ հայ-ադրբեջանական սահմանին: Անդրանիկ Սիմոնյանի նշանակումից հետո հանձնաժողովները չեն հանդիպել: Նա, սակայն, աշնանը Բաքու այցելեց: Թե ինչ քննարկումներ է ունեցել այնտեղ ԱԱԾ տնօրենը, հանրությանն այդպես էլ հայտնի չդարձավ:

2023-ի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմը 223 զոհ ունեցավ, նրանցից 25-ը խաղաղ բնակիչներ էին, զոհերից 5-ը երեխաներ էին: Այդ օրերին ևս 218 մարդ զոհվեց Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով: Ռազմական գործողությունների ու պայթյունի հետևանքով 25 մարդ անհայտ կորած է համարվում: Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց մի քանի օրվա ընթացքում, ավելի քան 100 հազար արցախահայեր Հայաստան տեղափոխվեցին:

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG