Մատչելիության հղումներ

Առնվազն 15 նորածին է մահացել Իսլամաբադի հիվանդանոցային հրդեհից

Հիվանդանոցի մուտքը, Իսլամաբադ, 26-ը օգոստոսի, 2026թ․
Հիվանդանոցի մուտքը, Իսլամաբադ, 26-ը օգոստոսի, 2026թ․

Առնվազն 15 նորածին է մահացել Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի պետական հիվանդանոցում օդորակման համակարգից ծագած հրդեհի պատճառով, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնում է տեղական Geo Tv-ն։

Ըստ հեռուստաալիքի՝ հրդեհը բռնկվել է առավոտյան 7-ի սահմաններում՝ Պակիստանի բժշկագիտության ինստիտուտի երրորդ հարկում, որտեղ մոր և մանկան առողջության կենտրոնն է տեղակայված:

Հաղորդվում է, որ հրդեհի ժամանակ ծննդաբերական բաժանմունքում 16 նորածին է գտնվել, հաջողվել է փրկել մեկին։

Վարչապետ Շեհբազ Շարիֆը կարգադրել է անմիջապես հետաքննություն անցկացնել դեպքի առթիվ։

«Մեղավորները պետք է բացահայտվեն, և ամենախիստ միջոցները պետք է ձեռնարկվեն», - հայտարարել են վարչապետի աշխատակազմից։

Սա Պակիստանում վերջին տարիների ամենամահաբեր հիվանդանոցային հրդեհներից է։ Երկրում պետական առողջապահությունը սուբսիդավորվում է, սակայն հաստատությունները թերի ռեսուրսներով են հագեցած, հաճախ գերծանրաբեռնված են։ Վերահսկող կազմակերպությունները հաճախ են քննադատել պետության կողմից շահագործվող հիմնարկներին՝ վատ կառավարման համար:

XS
SM
MD
LG