Մատչելիության հղումներ

Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրած Արմեն Դանիելյանը՝ ԲԴԽ դատավոր անդամ


Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) դատավոր անդամ է ընտրվել Արմեն Դանիելյանը, հայտնում են կառույցից։

Արմեն Դանիելյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է։

Փաստաբանների մի խումբը 2021-ին հայտարարել էր՝ կասկածներ ունի, որ իշխանությունները իրենց ուզած դատավորներին են փոխանցում դատական աղմկահարույց գործերը։ Նրանց թվում էր Էրիկ Ալեքսանյանը, որը ասել էր. - «Նույնպես պատահաբար չէր ընտրվել Արմեն Դանիելյանը Մանվել Փարամազյանի (Քաջարանի համայնքապետ) դեպքում»։

Արմեն Դանիելյանը, սակայն, առավել հայտնի է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշմամբ։

Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նախկինում մակագրվել էր դատավոր Դավիթ Գրիգորյանին։ 2019-ի մայիսին Քոչարյանը կալանքի տակ էր գտնվում։ Գրիգորյանը ոչ միայն կասեցրել էր 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող պաշտոնաթող նախագահին առնչվող քրեական գործը, այլև նրան ազատ էր արձակել կալանքից։

Դրանից հետո մեղադրող և տուժող կողմերը դիմել էին Վերաքննիչ դատարան՝ բեկանելու դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումները։ Արդյունքում Վերաքննիչի դատավոր Արմեն Դանիելյանը բավարարել էր նրանց բողոքները՝ բեկանելով դատավոր Գրիգորյանի որոշումները։ Արդյունքում երկրորդ նախագահին կալանավորելու որոշում էր կայացվել, ինչպես նաև Արմեն Դանիելյանը բեկանել էր Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի որոշումը և համապատասխան քրեական գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG