Մատչելիության հղումներ

Արման Սահակյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Կոռուպցիոն հանցագործության՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հոդվածներով անցնող Արման Սահակյանին իրավապահներն այսօր նոր մեղադրանք են առաջադրել:

Բարձրաստիճան նախկին պաշտոնյայի փաստաբան Էմին Խաչատրյանը հրաժարվեց մանրամասներ փոխանցել, քանի որ զգուշացվել է չհրապարակել նախաքննական գաղտնիք, միայն հայտնեց, որ գործը 10 տարվա վաղեմություն ունի:

Սահակյանն առավոտից ձերբակալված է: Հայտնի չէ՝ արդյո՞ք Հակակոռուպցիոն կոմիտեն մտադիր է նրա նկատմամբ խափանման միջոց սահմանել:

Սահակյանը Հանրապետական կուսակցության անդամ է, 2011-ից մինչև 2018 թվականը ղեկավարել է պետական գույքի կառավարման վարչությունը:

Նախորդ տարի էլ ընդդիմադիր ՀՀԿ-ի խորհրդի անդամ Սահակյանը նոր մեղադրանքի պատճառով ձերբակալվել, ապա ազատ էր արձակվել: Իրավապահները պետական գույքի կառավարման նախկին պետին դեռ 2018-ից մեղադրում են կոռուպցիոն հանցագործության՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Այդ գործի շրջանակում Սահակյանին ու ևս 12 հոգու մեղադրեցին նաև փողերի լվացման համար: Սահակյանը մեղադրանքը չի ընդունել, մինչդեռ Քննչական կոմիտեից վստահեցրել էին՝ մեղադրանքը հիմնավոր է:

«Ազատության» տեղեկություններով՝ նույն գործի շրջանակում ձերբակալվել է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը: Հակակոռուպցիոն կոմիտեն չի մեկնաբանում:

XS
SM
MD
LG