Մատչելիության հղումներ

Արքայազն Հարին կնոջ և երեխաների հետ ժամանել է Մեծ Բրիտանիա

Արքայազն Հարին, նրա կինը՝ Մեգանը և նրանց երկու երեխաներն այսօր ժամանել են Մեծ Բրիտանիա։

Զույգը վեց տարի առաջ թագավորական ընտանիքի հետ ունեցած լարված հարաբերությունների ֆոնին՝ Մեծ Բրիտանիայից տեղափոխվել էր Կալիֆոռնիա։ The Telegraph-ը և այլ լրատվամիջոցներ հաղորդում են, որ այժմ նրանք մասնավոր ինքնաթիռով ժամանել են կենտրոնական Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքի օդանավակայան։

Նրանց երեխաները՝ յոթամյա Արչին և հնգամյա Լիլիբեթն արդեն ընդունվել են տեղի մասնավոր դպրոցներից մեկը և սեպտեմբերին կսկսեն ուսումը։
41-ամյա Հարին և 45-ամյա Մեգանը, որոնք կրում են Սասեքսի դուքսի և դքսուհու տիտղոսները, 2020 թվականին հրաժարվել էին թագավորական ընտանիքի ավագ անդամների պարտականություններից և տեղափոխվել ԱՄՆ։

2020 թվականին, երբ զույգը հրաժարվեց թագավորական պարտականություններից, Հարիի տատիկը՝ հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ երկրորդը, նրանց զրկեց «Թագավորական մեծություն» տիտղոսից, ինչպես նաև պետական ֆինանսավորումից և ոստիկանության պաշտպանությունից։

Թագավորական ընտանիքի հետ նրանց հարաբերությունները հետագայում ավելի են սրվել։ Դրան նպաստել են նաև Հարիի «Spare» հուշագրությունը և Մեգանի Օփրա Ուինֆրիին տված աղմկահարույց հարցազրույցը։

Հարին և Մեգանը երկար ընդմիջումից հետո վերջերս հանդիպել էին թագավոր Չարլզ երրորդի հետ։ Սակայն զույգը չէր հանդիպել Ուիլյամին և Քեթրինին։ Ուստի նրանց վերադարձի ֆոնին գլխավոր հարցերից մեկն այն է, թե արդյոք երկու եղբայրները կկարողանան հաշտվել։ Բաց է մնում նաև այն հարցը, թե արդյոք Հարին և նրա ընտանիքը Մեծ Բրիտանիայում կստանան պետական ֆինանսավորմամբ անվտանգության ապահովում։

XS
SM
MD
LG