Մատչելիության հղումներ

Արքայազն Հարին և կինը՝ Մեգանը, նախատեսում են վերադառնալ Մեծ Բրիտանիա

Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգանը, թագավորական պարտականություններից հրաժարվելուց և ԱՄՆ տեղափոխվելուց վեց տարի անց, այս ամիս ծրագրում են վերադառնալ Մեծ Բրիտանիա։

Զույգին մոտ կանգնած աղբյուրը հայտնում է, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին Կալիֆոռնիայից Մեծ Բրիտանիա կտեղափոխվեն իրենց երեխաների՝ 7-ամյա արքայազն Արչիի և 5-ամյա արքայադուստր Լիլիբեթի հետ։ Երեխաները սեպտեմբերից այնտեղ դպրոց են հաճախելու։

Անակնկալ այս քայլը տեղի է ունենում այն բանից հետո, երբ վերջին տարիներին զույգը բազմիցս քննադատել է թագավորական ընտանիքին և բրիտանական մամուլին՝ պնդելով, որ տաբլոիդները դժոխքի են վերածել իրենց կյանքը, և իրենք ցանկանում են ինքնուրույն կյանք։

Հարին և Մեգանը չեն բնակվի թագավորական նստավայրում՝ 2020 թվականի մարտին պալատից հեռանալու ժամանակ հանգուցյալ Եղիսաբեթ թագուհու հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։

Հարիի խոսնակը և Բուքինգհեմյան պալատը հրաժարվել են մեկնաբանել այս լուրը։

Հարին Մեգան Մարքլի հետ ամուսնացել է 2018 թվականին՝ Վինձորի ամրոցում տեղի ունեցած արարողության ժամանակ։ Երկու տարի անց՝ 2020 թվականի մարտին, նրանք հայտարարեցին, որ հրաժարվում են պաշտոնական պարտականություններից և տեղափոխվում ԱՄՆ։ Հետագա տարիներին 41-ամյա Հարին և 45-ամյա Մեգանը հեռուստահարցազրույցներում, Netflix-ի վավերագրական սերիալում և Հարիի «Spare» հուշագրքում բազմիցս քննադատել են թագավորական ընտանիքին և միապետությունը։

2021 թվականին Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում Մեգանը, որի մայրը սևամորթ է, ասել էր, որ թագավորական ընտանիքում՝ չհրապարակելով անունը, հարցրել էին իրեն՝ որքան մուգ կարող է լինել իրենց որդու՝ Արչիի մաշկի գույնը։

Գահի ժառանգորդ արքայազն Ուիլյամը՝ Հարիի ավագ եղբայրը, հերքել էր, թե Բրիտանիայի թագավորական ընտանիքը ռասիստ է։

Հարին հատկապես կոշտ արտահայտություններ էր արել իր հոր՝ Չարլզի, և արքայազն Ուիլյամի հասցեին, ինչի հետևանքով նրանց հարաբերությունները լիովին խզվել էին։ Սակայն թագավորի և որդու հարաբերությունները սեպտեմբերին սկսել էին բարելավվել։ Հայրն ու որդին առաջին անգամ 20 ամսվա ընթացքում կարճ հանդիպում էին ունեցել։
Թեև Հարիի և թագավորի հարաբերությունները բարելավվել են, ըստ ընտանիքին կանգնած մոտ աղբյուրների, նա դեռևս գրեթե չի շփվում եղբոր՝ Ուիլյամի հետ։

XS
SM
MD
LG