Մատչելիության հղումներ

Արջուտցիները պահանջում են հեռացնել իրենց կյանքի համար վտանգավոր դարձած էլեկտրական ենթակայանը

Լոռու մարզի Արջուտ գյուղում 50 տարվա էլեկտրական ենթակայանը թեժ կռվի առարկա է դարձել էլցանցի ու բնակիչների միջև։ Ժանգոտած, թեքված ու առանց դռների այս երկաթյա կառույցը երկու փողոցի էլեկտրաէներգիայի աղբյուրն է ու տեղադրված է բնակչի սեփական բակում։

Բնակիչները պահանջում են հեռացնել իրենց կյանքի համար սպառնալիք դարձած վտանգավոր ենթակայանը։ Սակայն բազմաթիվ բողոքներից հետո տեղ հասած «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակիցները պատրաստվում էին ոչ թե տեղափոխել այն, այլ ընդամենը կոսմետիկ վերակառուցում անել. - «Պետք է լարը փոխենք ու վերանորոգենք, էդ ներքևի հատվածը անվտանգություն ապահովենք, համապատասխան պլակատները կախենք»:

Տանտեր Աշխարհբեկ Ղուկասյանն ու նրա արտերկրում գտնվող հարսը արգելեցին ծանր տեխնիկայի մուտքն իրենց տարածք։ Բնակիչների համոզմամբ՝ միայն ծածկ ավելացնելով հարցը չի լուծվի․10 հազար վոլտ լարման էլեկտրալարերը պահող փայտե սյուները քայքայված ու ճեղքված են, ժանգոտ, անդուռ ու անծածկ ենթակայանը հիմքին ամրացված է սովորական մետաղալարերով։

Ստացվում է՝ ենթակայանի զբաղեցրած փոքրիկ հողակտորը քառորդ դար է Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականությունն է, բայց կառույցը չունի մուտքի ոչ մի ճանապարհ։ ՀԷՑ-ի աշխատակիցներն ամսական առնվազն մեկ անգամ հատում են մասնավոր այգիներն ու Ղուկասյանների բակը՝ ենթակայանը սպասարկելու կամ դրան ամրացված հարակից 10 տների հաշվիչներն ստուգելու և ցուցմունքներ գրանցելու համար։

Ահազանգից հետո Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն այնպիսի խախտումներ է արձանագրել, որոնք կարող են մահվան պատճառ դառնալ. - «Բացակայում են բարձր լարման պահարանի դռնակն ու գերլարման սահմանափակիչները, ապահովիչները ինքնաշեն են, իսկ կոնտակտային հատվածները՝ բաց: Բարձր լարման պահարանն ու կրող կոնստրուկցիաները ենթարկված են կոռոզիայի, կողմնակի մարդկանց մուտքը արգելող ցանկապատը տեղակայված է խախտումով, բացակայում են նախազգուշացնող ցուցանակները»:

Ավելին՝ 10 հազար վոլտանոց էլեկտրալարն անցնում է ուղիղ ավտոտնակի և պտղատու այգու վրայով, որտեղ հաճախ երեխաներ են խաղում։ Չնայած սահմանված նվազագույն 10 մետր անվտանգության հեռավորությանը՝ այստեղ լարերը կախված են մարդկանց գլխավերևում։

Տեսչական մարմինը պահանջել է վերացնել խախտումները, բայց տեղ հասած ՀԷՑ-ի աշխատակիցները ենթակայանի տեղափոխման մասին լսել անգամ չէին ուզում։ Բնակիչների դիմադրությունից հետո «Դեբեդ» մասնաճյուղի իրացման բաժնի պետ Դավիթ Վարդանյանը ստիպված եղավ նահանջել՝ սպառնալով հարցը լուծել դատական կարգով։

«Մենք աշխատանքները կդադարեցնենք ու համապատասխան արդեն հարկադիր սերվիտուդ պահանջելու համար կդիմենք դատարան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդանյանը:

Գյուղացիների վախերն ավելի քան հիմնավոր են․ ընդամենը մեկ տարի առաջ Արջուտում հովիվ է մահացել հենց այս նույն 10 հազար վոլտանոց լարից։ Այն ժամանակ ՀԷՑ-ն ընդամենը փոխհատուցել է վնասն ու փակել էջը։

Թե ինչպես է ՀԷՑ-ի ղեկավարությունը լուծելու այս վեճը, դեռ անհայտ է: Բնակիչներն անդրդվելի են, ասում են՝ էլցանցի աշխատակիցներին, նաև հսկիչին այլևս թույլ չեն տալու ոչ մի ապօրինի մուտք իրենց տարածք։

ՀԷՑ-ի հեռանալուց հետո տեղում աշխատեցին բնակիչների կանչով ժամանած ոստիկանները։ Նրանք արձանագրեցին ապօրինի ներխուժման վերաբերյալ բնակիչների բողոքները: Հանցակազմ գտնելու դեպքում կնախաձեռնվի քրեական վարույթ։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG