Մատչելիության հղումներ

«Արդարադատությունն ու խաղաղությունը հակադիր չեն». իրավապաշտպանների պահանջը՝ խաղաղության օրակարգի վերաբերյալ

Մարդու իրավունքների  եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում, արխիվ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում, արխիվ

Մինչ Բաքուն բողոքի նոտա է հղում Եվրոպական դատարանին՝ ապրիլյան քառօյա պատերազմի վերաբերյալ կայացրած վճռի համար, պնդում, որ այն կանխակալ է և հիմնված է մի քանի ցուցմունքի վրա, հայաստանցի իրավապաշտպանները հորդորում են իշխանություններին հայ -ադրբեջանական խաղաղության օրակարգ վերադարձնել պատերազմների ժամանակ տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների քննությունը:

Օրերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ստրասբուրգ ուղարկված բողոքներից մեկի վերաբերյալ վճիռը։ Տասը տարվա քննության արդյունքում դատարանն արձանագրեց, որ գլխատված հայ զինծառայող Հայկ Թորոյանը խոշտանգվել էր, և որ պատասխանատուն հենց ադրբեջանական ուժերն են:

Այս գործով փաստաբանական թիմի անդամ Հասմիկ Հարությունյանն ընդգծում է՝ արդարադատությունն ու խաղաղությունը միմյանց հակադիր չեն, և Բաքվի հետ խաղաղության գնացող Երևանն այս օրակարգից չպետք է դուրս թողնի Ադրբեջանի դեմ պետական հայցերը. - «Հակառակը՝ այս գործերը և այդ գործերի արդյունքում հնարավոր արձանագրումները, որոնք մենք կարող էինք կամ կարող ենք դեռ ունենալ, պիտի աջակցի և է՛լ ավելի ամրապնդի խաղաղության օրակարգը»:

Սակայն անցած տարի նախաստորագրված խաղաղության համաձայնագրի դրույթներից մեկը հենց միմյանց դեմ հայցերը հետ կանչելու մասին է: Բաքուն և Երևանը պարտավորվել են նաև հետագայում չներկայացնել հայցեր այն խնդիրների վերաբերյալ, որոնք գոյություն են ունեցել մինչև համաձայնագրի ստորագրման պահը:

«Պատմությունը և այլ հասարակությունների փորձն էլ, այլ պետությունների փորձն էլ ցույց է տալիս, որ իրական, արժանապատիվ և երկարատև խաղաղությունը պահանջում է տեղի ունեցած հատկապես նման կոպիտ՝ միջազգային իրավունքի ներքո կոպիտ խախտումների արձանագրում, տուժողների խախտված իրավունքների ճանաչում և նաև վերականգնման և փոխհատուցման որոշակի մեխանիզմների գործարկում, առանց որի խաղաղության օրակարգը փաստացի երկարատև կյանք չի կարող ունենալ», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Հասմիկ Հարությունյանը:

Հայաստանի կառավարությունը դեռ որևէ հայտարարություն ՄԻԵԴ վերջին վճռի մասին չի արել: Խոշտանգված զինվորի շահերը ՄԻԵԴ-ում ներկայացրած Հայկուհի Հարությունյանի կարծիքով՝ այս վճիռը ևս մեկ առիթ է, որ մարդու իրավունքների խախտումների կանխարգելումը ևս տեղ գտնի խաղաղության փաստաթղթում:

«Քաղաքական առումով դա ստանա այն հնարավոր կանխարգելումը, որ ամրագրվի նույնիսկ այդ խաղաղության, որ տեսակի փաստաթուղթ ուզում են, թող կազմվի, բայց դա դառնա նաև այդ քաղաքական դիսկուրսի մասը», - ասաց Հայկուհի Հարությունյանը:

Հայաստանի կառավարության՝ հեղինակավոր դատարաններ ներկայացված հայցերը ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տարիներին հայ զինվորների ու խաղաղ բնակիչների սպանությունների ու խոշտանգումների մասին են:

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը շեշտում է, որ Բաքուն Եվրոպական դատարանի վճիռները չկատարող երկրների ցանկում ռեկորդակիր է, ու այս մի վճիռն էլ, ըստ էության, կփորձի թողնել թղթի վրա:

«Սա առաջինը չէ, սա շարունակվելու է նման ռազմական ակտիվ փուլում տեղի ունեցած դաժան վերաբերմունքի վերաբերյալ դատական ակտեր, որոնք ... կասկածի տակ է դնելու Ադրբեջանի և՛ 16 թվականի, և՛ հետագայում նաև 20 թվականի այսպես կոչված «հայրենական պատերազմի» կամ այսպես կոչված «ինքնապաշտպանական պատերազմի» լեգիտիմությունը», - ասաց միջազգային իրավունքի մասնագետը:

Ղազարյանի տվյալներով՝ ՄԻԵԴ-ում այս պահին անհատական 22 գործ կա ընդդեմ Բաքվի, և անկախ նրանից, թե Հայաստանը ինչ պայմանավորվածություն ձեռք կբերի Բաքվի հետ, այս գործերի թիվը կարող է ավելանալ: Քանի դեռ երկու պետությունների կողմից չկան նման գործերը հետաքննելու, խախտումները կանխարգելելու իրավական մեխանիզմներ, միջազգային դատարանների դռները բաց կլինեն հայ դիմումատուների համար, նկատում է իրավապաշտպանը:

«Այն գործերը, որ այսօր ներկայացվում են, կրկին՝ այստեղ պետությունը ներգրավված չէ որպես կողմ: Իսկ պետությունը եթե հրաժարվի միջպետական գանգատներից, այդ անձինք կարող են շարունակել անհատական գանգատ ներկայացնել», - նշեց Արա Ղազարյանը:

Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանն էլ նկատում է՝ Հայաստանի քաղաքացիների դեմ կատարված հանցագործությունների հարցում պետությունը պետք է պատասխանատու զգա իրեն:

«Միջպետական գործընթացները, այո, ունեն քաղաքական տարր, և ես նշեմ, որ այստեղ մենք առավելապես կարևորելու ենք հենց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումը, քանի որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են հրաժարման մտադրություն ունենալ, բայց Եվրոպական դատարանը դա չընդունի: Այսինքն՝ մեզ համար էական է լինելու հասկանալ հենց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումը», - ասաց Սահակյանը:

Սիրանուշ Սահակյանը նշում է՝ որքան էլ Բաքուն մեղադրի Եվրադատարանին, Ապրիլյան պատերազմի խոշտանգման այս վճռում այդ երկիրը ճանաչվել է որպես ծանրագույն պատերազմական հանցագործություն կատարող: Հայաստանցի իրավապաշտպանների ներկայացրած ապացույցներն այս դատարանը համարել է անհերքելի: Ակնկալվում է, որ Եվրադատարանը Ապրիլյան քառօրյա պատերազմի գործերով առաջիկայում նոր վճիռներ կհրապարակի:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG