Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծին կողմ քվեարկեց 58 պատգամավոր, 26-ը՝ դեմ և 1-ը՝ ձեռնպահ:
Ըստ այս նախագծի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը լիազորություն է ստանում գնահատելու՝ օտարերկրյա տեսալսողական ծրագրում հեռարձակվող հաղորդումը միջամտությո՞ւն է հայաստանյան ներքաղաքական կյանքին, թե՞ ոչ: Եթե հանձնաժողովը նման օրինակ ունենա, ապա իրավունք կունենա դադարեցնել այդ հաղորդման հեռարձակումը:
Անհամաչափ, ոչ հստակ, չարդարացված. այսպես է նկարագրում Երևանի Մամուլի ակումբի նախագահը պատգամավորների սեղանին դրված օրինագիծը: Արթուր Պապյանը սա համարում է կացնային միջամտություն, որը կարող է վտանգել ժողովրդավարական, ընտրական գործընթացները:
Մինչ մեդիափորձագետն առաջարկում է այս օրենքով սահմանափակումներ դնել միայն ոչ թափանցիկ ֆինանսավորմամբ ու մեդիադաշտում մանիպուլյացիաներ անող քարոզչամիջոցների վրա, նախագիծը մշակած բարձր տեխոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը երեկ խորհրդարանի ամբիոնից հայտարարում էր՝ սրա կարիքը վաղուց կար, և սա ամենևին նախընտրական շրջանի համար չէ: