Մատչելիության հղումներ

Ապրիլյան քառօրյա պատերազմից 10 տարի անց ՄԻԵԴ-ը Բաքվի դեմ վճիռ է հրապարակել

Ստրասբուրգի դատարանն ապրիլյան պատերազմից 10 տարի անց հրապարակել է Բաքվի դեմ վճիռ գլխատված հայ զինծառայողի գործով։ 30-ամյա մայոր Հայկ Թորոյանը, Մատաղիսի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետը, ծառայակցի հետ Թալիշի հրամանատարական կետ զինամթերք էին տանում, երբ հայտնվեցին ադրբեջանական հարձակման տակ։

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռում ադրբեջանական ձեռագրի դաժան մանրամասներ են հայկական կողմի ներկայացրած փաստական ապացույցներով։

«Մենք կարողացել ենք ապացուցել, որ ադրբեջանցի զինծառայողները նախ գլխատել են Հրանտ Ղարիբյանին, որից հետո կտրել էին Հայկ Թորոյանի ձեռքերը և նաև ողջ-ողջ գլխատել էին Հայկ Թորոյանին։ Նաև գլխատողը գլխի հետ լուսանկարներ էր տարածել, գլխատողը նաև սելֆի էր արել Սաֆարովի հետ, և ողջ հասարակությունը նաև հերոսացրել էր այս գլխատումը, նաև ադրբեջանական կողմը չէր վերադարձրել գլուխը», - ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Ապրիլյան պատերազմում Թալիշը մնաց հայկական հսկողության տակ, սակայն ադրբեջանցի զինծառայողներ, այնուամենայնիվ, ներթափանցել էին գյուղ։ ՄԻԵԴ-ի վճռում կան այդ մասին վկայություններ։ Ամբողջ դատական գործընթացում Բաքուն պնդել է, թե սպանված, խոշտանգված զինծառայողների հետ կապ չունեն, գուցե հայերն են արել հակառակորդին վերագրելու համար։ Չկան, սակայն, բացատրություններ, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողը հայ զինվորի գլխի հետ նկարվում՝ հայրենակիցների առջև պարծենալով։

«Ադրբեջանական առարկությունները այս առումով արդյունք չեն տվել, Եվրոպական դատարանը գտել է, որ պատասխանատուն հենց ադրբեջանական ուժերն են», - ասաց Սահակյանը։

Խոշտանգման զոհ ոչ միայն Հայկ Թորոյանն է ճանաչվել, այլև նրա ընտանիքի անդամները, որ անասելի տառապանքներ են կրել հարազատի դաժան մահվան ու նրան խոշտանգված հուղարկավորելու պատճառով։ Եվրոպական դատարանը Բաքվին պարտավորեցրել է սպանված զինծառայողին ընտանիքին վճարել 90000 եվրո և իր երկրում հետաքննել այս սարսափելի դեպքն ու պատասխանատվության կանչել թե՛ հանցագործությունը կատարողին ու թե՛ հրաման տվողին։

Իրավապաշտպան ու այս գործով փաստաբանական խմբի անդամ Սիրանուշ Սահակյանն ընդգծում է՝ Ստրասբուրգի այս վճռով Բաքուն ծանրագույն պատերազմական հանցագործություն կատարող է ճանաչվում, կարևոր արձանագրում է համարում, իսկ թե որքանով է Բաքուն կատարելու վճիռը, այստեղ վստահություն չկա՝ ոչ վճարելու, ոչ էլ իր հանցագործներին դատելու առումով։

«Դիմադրելու է Ադրբեջանը, որպեսզի հնարավորինս երկար չկատարի, բայց փոխարենը ստանալու է քաղաքական ճնշում և երկրի իշխող ուժի վարկանիշային անկում», - նշեց իրավապաշտպանը։

Զինծառայող Հայկ Թորոյանը հետմահու Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշան է ստացել՝ մարտական ծառայության ու հայրենիքի պաշտպանության համար մեդալներ։ Եթե այս վճիռն ավելի վաղ լիներ, գուցե չլինեին 44-օրյա պատերազմում հայ զինծառայողների նկատմամբ ադրբեջանական վայրագությունները, շեշտում է Սիրանուշ Սահակյանը։

«Մենք արդյունքում ունեցանք 10 տարի անց հրապարակված վճիռ, եթե ավելի վաղ հրապարակվեր, կարծում եմ, Եվրոպական դատարանը և Եվրոպական կառույցները միգուցե դերակատարում ստանձնեին 44-օրյա պատերազմում մեծաթիվ գլխատման դեպքերի կանխարգելմանը, սակայն այս ուշացած դատական ակտը կարող է նպաստել պատասխանատվության հարցին և անպատժելիության վերացմանը», - ընդգծեց Սահակյանը։

Ստրասբուրգի դատարանից սա առաջին, բայց ոչ վերջին վճիռն է ադրբեջանական խոշտանգումների վերաբերյալ։ 23 գործեր կան, շղթայական կհրապարակվեն բոլորը, ասում է իրավապաշտպան Սահակյանը. «Մենք ունեինք երեք գլխատման, տարեց բնակիչների սպանության զուգակցված ականջի կտրման միջադեպով՝ Խալաֆյանների հայտնի դեպքը, և ունեինք նաև դիերի անդամախեղման դեպքեր, դրանք բոլորը փաստագրված և ներկայացված են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին»։

Բաքվի պատերազմական հանցագործի ձեռագիրը, որ արձանագրված է Ստրասբուրգի դատարանի վճռում, կարևոր է համարում Սահակյանը ոչ միայն պատմության, նաև ապագայի համար։ Հայաստանն այսօր էլ միջպետական գանգատներ ունի, որոնք ըստ իրավապաշտպանի տեղին են, հիմնավոր։ Հայ-ադրբեջանական խաղաղության նախաստորագրված պայմանագրում դրանցից հրաժարվելու վերաբերյալ կետ կա։ Ըստ իրավապաշտպանի խաղաղության վերաբերյալ Երևան-Բաքու երկխոսությունը չի կարող ծավալվել առանց արդարության ու պատասխանատվության սկզբունքների։

«Որևէ պարագայում դրանցից պետք չէ հրաժարվել և խաղաղության գործընթացը պետք է կառուցվի հայ տուժողներին արդարություն երաշխավորելու սկզբունքի վրա», - ասաց իրավապաշտպանը։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG