Ամերիկյան Apple կորպորացիան App Store հավելվածների առցանց խանութից հեռացրել է ռուսական VK ընկերության մի շարք հավելվածներ։ VK-ն սոցիալական ցանցերի և տարբեր թվային ծառայությունների սեփականատեր է։
VK-ից հայտարարել են, թե Apple-ը հավելվածները հեռացրել է միակողմանիորեն և առանց նախնական ծանուցման։
App Store-ից անհետացել են «Одноклассники» և «Дзен» սոցիալական հարթակները, Mail.ru էլեկտրոնային փոստի ծառայությունը, VK «Знакомства», «Музыка», «Мессенджер», «Почта» հավելվածները, ինչպես նաև VK Video-ն և Skillbox-ը։
Միաժամանակ ներբեռնման համար հասանելի է մնում «ВКонтакте» (VK) սոցիալական ցանցի հավելվածը։
VK-ի հայտարարության մեջ նշվում է, որ ընկերությունը երբեք չի գտնվել պատժամիջոցների տակ, ներառված չի եղել պատժամիջոցների ցանկում, ինչը, ըստ ընկերության, հաստատվում է միջազգային և ամերիկացի իրավաբանների եզրակացություններով։
Ընկերությունը պնդում է, որ Apple-ը սահմանափակում է ռուսաստանցի օգտատերերի հասանելիությունը լայնորեն օգտագործվող ծառայություններին, որոնցից ամեն օր օգտվում են տասնյակ միլիոնավոր մարդիկ։
VK-ում Apple-ի քայլերը որակել են որպես «չհիմնավորված և անընդունելի»։
Apple-ը դեռևս չի մեկնաբանել VK-ի հավելվածների հեռացումը App Store-ից։
2022թ. ապրիլի 1-ից դադարել էր նաև Apple ID-ի հաշվեկշռի համալրումը բջջային օպերատորի հաշվից։
Ամերիկյան Apple ընկերությունը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի մեկնարկից հետո հայտարարեց ռուսական շուկայից հեռանալու մասին։
VK-ն սերտորեն համագործակցում է ռուսական իշխանությունների հետ։ Մասնավորապես, այն մշակել է իշխանությունների կողմից ակտիվորեն խթանվող Max մեսենջերը։ Max հավելվածը հունիսի սկզբից էր հեռացվել App Store-ից։