Մատչելիության հղումներ

APA. «Կապիտոլիումում քննարկվելու է Հայաստանից ադրբեջանցիների արտաքսման թեման»

Ադրբեջանական APA գործակալության պնդմամբ՝ վաղը Վաշինգտոնում՝ ԱՄՆ Կոնգրեսի շենքում, տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված «Հայաստանի կողմից իրականացված ադրբեջանցիների էթնիկ զտմանը»։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Կապիտոլիումում ծրագրված հավաքի կազմակերպիչը 2023 թվականին Ադրբեջանի կողմից ստեղծված Բաքվի նախաձեռնող խումբն է։

Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող այս կառույցն իր գործունեության սկզբնական շրջանում հանդես էր գալիս «ֆրանսիական գաղութատիրության դեմ» պայքարի դիրքերից, հետագայում խմբի գործունեության թիրախում էին հայտնվել նաև Հնդկաստանի իշխանությունները։

Վերջին ամիսներին Բաքվի նախաձեռնող խումբն իր գործունեության հիմնական շեշտը դրել է Խորհրդային Հայաստանում բնակված ադրբեջանցիների «էթնիկ զտման» թեմայի վրա։

«Վաշինգտոնում կայանալիք համաժողովի մասնակիցները Հայաստանում գտնվող իրենց պատմական հողերից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով արտաքսված հարյուր հազարավոր ադրբեջանցիների օրինակով քննարկելու են մի շարք հարցեր` ներառյալ այդ մարդկանց հիմնարար իրավունքների՝ մասնավորաբար հայրենի օջախներ անվտանգ, կամավոր և արժանապատիվ վերադարձի իրավունքը միջազգային կառույցների մշտական ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը», - հաղորդում է APA-ն։

XS
SM
MD
LG