Մատչելիության հղումներ

«Անվերահսկելի, հայկական հին շինարարական մեթոդներով». Ավինյանը՝ Երևանում փոսալցման աշխատանքների մասին

Երևանի փողոցներից մեկը, փետրվար, 2026թ.
Երևանի փողոցներից մեկը, փետրվար, 2026թ.

Երևանի քաղաքապետը բաց տեքստով հայտարարում է՝ փոսալցման աշխատանքները որոշ դեպքերում նույնիսկ չեն վերահսկվում, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչը տեղում չի էլ հետևել, թե ինչպես են ծախսվում երևանցիների վճարած հարկերից ծախսվող միլիոնները:

«Չէ, պարոն Սևոյան, հրավիրել պետք չի, պետք ա մարդ դնել հետները, որովհետև երբ որ չկա վերահսկողություն, պարզվում ա, աշխատանքը ով ոնց կարա ինչ-որ մի բան պակաս անելու ա, անպայմանորեն», - քաղաքապետ Տիգրան Ավինյանի քննադատությունն ուղղված էր Նոր Նորքի թաղապետ Մարատ Սևոյանին, պատճառն էլ օրերս Վահան Թոթովենցի փողոցում ասֆալտապատման անորակ աշխատանքն էր:

Ավինյանը հերթական անգամ դիտողություն արեց աշխատակիցներին, սակայն պատասխանատվության կանչելու վերաբերյալ որևէ խոսք չհնչեց: Թեև երևանցիներն արդեն շաբաթներ շարունակ օրը առնվազն մի քանի անգամ փոսն են ընկնում, քաղաքապետարանի որևէ պաշտոնյայի պատասխանատվության ենթարկելու մասին գոնե հրապարակային չի հաղորդվել:

«Օրը ցերեկով, էդ ի՞նչ ա նշանակում, ասենք մի մարդ չունե՞ք, գնա կողքները կանգնի տենա ինչ են անում», - ասաց քաղաքապետը:

Այս և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի մյուս փողոցները վերանորոգելու համար քաղաքապետարանը դեռ 2024 թվականին 250 հազար դոլարի պայմանագիր է կնքել «Բալահովիտ 1» ընկերության հետ: Փաստաթղթում ասված է՝ աշխատանքները պետք է իրականացվեն բիտումային էմուլսիայով: Զուտ թղթի վրա ամեն բան պետք է կարգին լիներ ու վերահսկվեր:

«Տեղի ա ունեցել անվերահսկելի, հայկական հին շինարարական մեթոդներով աշխատանք, և «Բալահովիտ 1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի», - հայտարարեց Ավինյանը:

Այս գումարը փողոցների նորոգման համար ծախսվող միջոցների միայն մի փոքր մասն է, այս ամիս քաղաքապետարանը դարձյալ 250 հազար դոլարի պայմանագիր է կնքել «ՏԱ ՇԻՆ» ընկերության հետ՝ Աջափնյակի փողոցները վերանորոգելու համար: Անցած շաբաթ նույն այս ընկերության հետ ևս 632 հազարի պայմանագիր են կնքել Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա համայնքների փոսերը փակելու համար:

Քաղաքային իշխանություններն ընդունում են՝ ճեղքերի պատճառն այդ թվում նախկինում արված անորակ ասֆալտն է, այսինքն՝ քաղաքապետարանի կամ մասնավոր ընկերությունների թերացման պատճառով երևանցիների հաշվին այս տարի ևս հարյուր հազարավոր դոլարներ կծախսվեն խնդիրները շտկելու համար, ու ինչպես պարզվում է՝ անգամ այս աշխատանքների իրականացումը հարթ չի ընթանում:

Ու մինչ Երևանի քաղաքապետը դժգոհում, սակայն ոչ մեկին պատասխանատվության չի ենթարկում, քաղաքացիները ստիպված իրենք են փոսալցման աշխատանքներ իրականացնում, Երևանի փողոցներում ոչ միայն տեղացիների, այլև այլազգիների կարելի տեսնել փոսեր փակելիս, օրինակ՝ հնարավոր էր ասիական արտաքինով երկու աղջկա նկատել:


XS
SM
MD
LG