Մատչելիության հղումներ

Անթալիայի ֆորումին կմասնակցի ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը

Անթալիայի դիվանագիտական ֆորումին այս տարի չի մասնակցի Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Թուրքական Անթալիա քաղաքում նախորդ տարվա Դիվանագիտական ֆորումին, մասնակցել էին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը և Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել էր կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հետ։

Այս տարի ֆորումին կմասնակցի Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, այս մասին տեղեկանում ենք համաժողովի կայքից: ՀՀ ԱԳՆ-ից առայժմ հաղորդագրություն չեն տարածել: Ֆորումը տեղի կունենա ապրիլի 17-ից 19-ը:

Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից, այսօր ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Կարգավորման գործընթաց մի շարք քայլեր արդեն իսկ արվել են: Ամենամեծ պայմանավորվածությունը երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար սահմանը բացելն է, ինչի վերաբերյալ մենք մեր կողմից անելիքն արել ենք, նկատի ունեմ՝ անցակետի վերականգնումը: Լավ լուրն այն է, որ թուրքական կողմից այս տարի սկսեցին աշխատանքներ տանել անցակետի վերականգնման ուղղությամբ, և մենք սպասում ենք պայմանավորվածության իրագործմանը և այս առումով գնդակը մեր դաշտում չէ»,- ասաց Ռուբինյանը:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ավելի վաղ հայտարարել է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են։

XS
SM
MD
LG