Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգը երեկ Միլանում կարճ ծրագրում ելույթ ունեցավ Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո, սակայն ստեղծագործության անվանումը չգրվեց, այն ներկայացվեց որպես «Արա Գևորգյանի երաժշտություն»:
Բաքվի բողոքից հետո Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշել էր պահպանել ստեղծագործությունը, բայց հանել անվանումը: Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն պնդել էր, թե երաժշտությունը «քաղաքականապես լարված և անջատողական է»։
Մինչև Օլիմպիադա մեկնելը Կարինա Ակոպովան «Ազատության» հետ բացառիկ զրույցում խոստովանել էր, որ որպես հայուհի միշտ երազել է սահել «Արցախի» ներքո, ազգային տարրերով զգեստի դիզայնն ու գաղափարը ևս անձամբ Կարինայինն է. «Դա ևս իմ մանկության երազանքն էր. որպես հայուհի՝ երբ մեկնեմ օլիմպիական խաղերի, ելույթ կունենամ «Արցախ»-ի ներքո։ Այնպես ստացվեց, որ հենց այս սեզոնին մեզ թույլ տրվեց ելույթ ունենալ, օլիմպիական խաղերի սեզոն էր, ու ես առաջարկեցի սահել «Արցախի» ներքո, ինձ հետ համամիտ չէին, բայց ես պնդեցի, ասացին՝ անիմաստ է քեզ հետ վիճելը, սահիր ինչի տակ ուզում ես»,- պատմում է Ակոպովան:
Բաքվի բողոքը, սակայն, մարզիկներին չխանգարեց բավականին հաջող ելույթ ունենալ։ Նրանք 66.27 միավոր վաստակեցին՝ 19 զույգերի շարքում զբաղեցնելով 12-րդ հորիզոնականը, հաղթահարեցին որակավորման փուլը՝ այսօր ազատ ծրագրում մրցելու համար:
Այսօրվա ելույթը հնդակական մոտիվներով է։ Զույգը ազատ ծրագրով հանդես կգա «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմի հնդկական հնչյունների ներքո։
Հայաստանը 2025-ից ներկայացնող Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը Միլանում ազդարարեցին հայկական գեղասահքի օլիմպիական նորամուտը զուգասահքում։
Նրանց էր վստահված նաև Հայաստանի դրոշը տանելու պատիվը 25-րդ Ձմեռային Օլիմպիադայի բացման արարողության ժամանակ: