Թուրքիան հայտարարել է, որ քրդերի առաջնորդած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) լուծարումը կարևոր քայլ է Սիրիայում պետական իշխանությունն ամրապնդելու և երկարաժամկետ կայունություն ապահովելու ուղղությամբ։
Թուրքիան երկար տարիներ SDF-ին դիտարկում է որպես «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ճյուղ, որ տասնամյակներ շարունակ զինված պայքար է մղել Թուրքիայի իշխանությունների դեմ։
«Այս փուլում SDF-ի լուծարումը կարևոր զարգացում է ամբողջ երկրում պետական իշխանությունն ամրապնդելու և հասարակության տարբեր հատվածներին ընդհանուր քաղաքական հարթակի շուրջ համախմբելու տեսանկյունից», - X-ում գրել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության գծով տնօրեն Բուրհանեթին Դուրանը՝ հավելելով, թե Սիրիայում երկարաժամկետ կայունություն հաստատելու համար կարևոր է, որ երկրի իշխանությունները շարունակեն ներառական քաղաքականություն վարել։
SDF-ը երեկ է հայտարարել լուծարման մասին:
Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի մերձավոր դաշնակից Անկարան բազմիցս հայտարարել է, որ հետևողականորեն աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը և դեմ է երկրում անջատողականության ցանկացած դրսևորման։
Թուրքիան նաև խաղաղության գործընթաց է սկսել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» հետ։ Բանտարկված առաջնորդ Աբդուլլա Օջալանի կոչից հետո կազմակերպությունը նախորդ տարի հայտարարել էր իր լուծարման մասին։