Մատչելիության հղումներ

ԱՄՆ զորքն ամբողջությամբ դուրս եկավ Իրաքից. արյուն ու արցունք և ծափ ու ծիծաղ՝ Իրաքում ու ԱՄՆ-ում

Իրաքի անվտանգության ուժերի ռազմական շքերթը՝ նվիրված Իրաքից ԱՄՆ-ի զորքի դուրսբերմանը, 30-ը սեպտեմբերի, 2026թ.
Իրաքի անվտանգության ուժերի ռազմական շքերթը՝ նվիրված Իրաքից ԱՄՆ-ի զորքի դուրսբերմանը, 30-ը սեպտեմբերի, 2026թ.

23 տարի անց ամերիկյան զորքն ավարտեց ռազմական առաքելությունն Իրաքում ու ամբողջությամբ դուրս եկավ:

Իրաքը լքելուն կողմ են ոչ միայն Վաշինգտոնում: Ամերիկացիների հեռանալը տոնում են նաև Բաղդադում:

Ե՞րբ և ինչո՞ւ էին ամերիկացիները մտել Իրաք և ի՞նչ է կանխատեսվում Հայաստանին աշխարհագրորեն մոտ այս տարածքում՝ ամերիկյան զորքերի բացակայությունից հետո:

2003 թվականին 130,000 ամերիկացի զինծառայող մտավ Իրաք ու տապալեց Արևմուտքում բռնակալի համբավ ունեցող Սադամ Հուսեյինի ռեժիմը: Իրաքի նախագահը 2006-ին կախաղան հանվեց իր երկրի դատարանի կողմից՝ մարդկության դեմ հանցագործությունների համար: 2007-ին նախագահ Բուշը ամերիկացի զինվորների թիվն այստեղ 170,000 -ի հասցրեց: Սա ամերիկյան ներկայության պիկն էր:

Չորս տարի անց՝ 2011-ին, Օբամայի օրոք Միացյալ Նահանգները զորքը դուրս բերեց Իրաքից, բայց դա կարճ տևեց։ Ամերիկացիները 3 տարի անց՝ 2014-ին վերադարձան՝ այս անգամ պայքարելու «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ: Խմբավորումը երկրի ⅓-րդն իր զենքի տակ էր առել, և միայն 3 տարի անց հաջողվեց հայտարարել «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ հաղթանակի մասին:

Այդ ահաբեկիչներն ու նրանց արբանյակները թուլացած, բայց մնացին Իրաքի տարածքում, մինչև այս տարվա սեպտեմբերի 30-ը մնաց նաև ամերիկյան զորքը՝ կրճատված, բայց էական ռազմական ներկայությամբ: Իսկ հիմա գնում են՝ համաձայն Իրաքի կառավարության հետ պայմանավորվածության՝ տանելով իրենց տեխնիկան ու հակաօդային պաշտպանության համակարգերը:

Իրանը ամերիկացիների գնալը հաղթանակ է համարում:

Իրաքյան Էրբիլում տեղակայված ԱՄՆ հակաօդային պաշտպանության համակարգերը կարևոր դեր են ունեցել Իրանի բալիստիկ հրթիռներն ու ԱԹՍ-ները որսալու գործում՝ հենց վերջին ԱՄՆ-Իրան ու Իսրայել պատերազմի ընթացքում։

Բայց ամերկացիների գնալուց հետո Իրաքում և երկրի շուրջ անվտանգային մտահոգություններ դեռ մնում են, օրինակ՝ իրաքյան Քրդստանում, կամ թուլացած, բայց ոչ լրիվ ոչնչացած ահաբեկիչների հարցում, բայց Բաղդադը հավաստիացնում է՝ սրանք հարցերն են, որ իրենք կարող են լուծել՝ մանավանդ, որ Միացյալ Նահանգների հետ երկկողմ քննարկումներ կան՝ ռազմական աջակցության, զենքի վաճառքի հարցերով:

Նախագահ Թրամփը իրաքյան այս էջը ճահիճ է որակում և ազդարարում դեպի «դժոխք կատարված շատ թանկ արկածախնդրության ավարտը»։

Վերջին երկու տասնամյակում Իրաքում զոհվեց ԱՄՆ-ի ավելի քան 4500 զինծառայող և 200,000 իրաքցի խաղաղ բնակիչ։




Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG