ԱՄՆ-ը Հայաստանին 20 մլն 600 հազար ԱՄՆ դոլար աջակցություն կտարամդրի՝ ուղղված կիբերանվտանգության, սահմանային անվտանգության և էներգետիկ անվտանգության մեծացմանը և դիմակայունության ամրապնդմանը։
Ըստ Հայաստանում ԱՄՆ դեսպանության՝ այս մասին նախօրեին հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը՝ Նյու Յորքում, գործակալության կողմից կազմակերպված «Ժողովրդավարության արդյունքները» խորագրով բաց քննարկման ժամանակ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունելով նոր ներդրումներն ու համագործակցությունը՝ ընդգծել է երկրի ժողովրդավարական առաջընթացը՝ ժողովրդավարական դիմակայունության մեծացման ուղղությամբ։
ԱՄՆ դեսպանությունը նաև նշում է, որ Հայաստանի համար նախատեսված նոր 20 մլն 600 հազար ԱՄՆ դոլար աջակցությունն ապահովվում է ի լրումն մոտ 11,9 միլիոն ԱՄՆ դոլարի, որի մասին հայտարարվել էր Փաուերի այս տարվա հուլիսին Հայաստան կատարած այցի ընթացքում։
1992 թվականից ի վեր Միացյալ Նահանգները մոտ 3 միլիարդ դոլար է տրամադրել՝ աջակցելու Հայաստանի զարգացմանը։ Այս տարվա սեպտեմբերին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակը հայտարարեց, որ ԱՄՆ կառավարությունը կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման շեմը՝ 120 միլիոն դոլարից դարձնելով 250 միլիոն դոլար։